Երեւանում, դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի շտապօգնության 08 խումբը կանչով մեկնել է Մելիք Ադամյան փողոց 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարություն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Ալիսա Ա-ն է, ով նույն օրը, ժամը 13։10-ի սահմաններում Ֆինանսների նախարարության վարչական շենքում աստիճաններից վայր է ընկել և գլուխը հարվածել բազրիքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։