ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի նախկին պաշտոնյա Վարդգես Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար: «Արմենպրես»- հաղորդմամբ` հունվարի 19-ին գործը վարույթ է ընդունել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
«Վարդգես Համբարձումյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետի, զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը, կաշառք ստանալու պատրվակով, 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Արսեն Վարդանյանից պահանջել է 28000 ԱՄՆ դոլար, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին իր աշխատասենյակում, վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս ստացել է դրա մի մասը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով 4 միլիոն 783 հազար 800 դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլարը»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:Վարդգես Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ Վարդգես Համբարձումյանն իր նկատմամբ մեղադրանքը ընդունում է և այս պահին խափանման միջոցի բողոքարկման հարցը դեռևս չի քննարկվում:«Առաջին դատական նիստից հետո պարզ կլինի մեր անելիքները»,- ասաց նա: