Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը մրցեց Նիդեռլանդների թիմի հետ։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:
35-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Աթլետիկոյի» 24-ամյա պաշտպան Նաուել Մոլինան։
73-րդ րոպեին Արգենտինայի առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Մեսին աշխարհի առաջնություններում խփեց իր 10-րդ գոլը եւ հավասարվեց ազգային թիմի ռեկորդակիր Բատիստուտային։
Հոլանդացիները հաշվի տարբերությունը կրճատեցին 83-րդ րոպեին։ Ամստերդամի «Այաքսի» 30-ամյա կիսապաշտպան Ստեւեն Բերգխեյսի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրքական «Բեշիկթաշի» 30-ամյա հարձակվող Վաուտ Վեգհորստը։
Ավելացված 11-րդ րոպեին էլ Վոգհորստը տուգանայինի խաղարկումից հետո դուբլ ձեւակերպեց (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց իտալական «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։
Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին արգենտինացիները՝ 4:3 (տեսանյութ):
Երկու սեյվ կատարեց Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլայի» 30-ամյա դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը հետ մղեց «Լիվերպուլի» 31-ամյա պաշտպան Վիրջիլ վան Դեյքի եւ Բեգխեյսի հարվածները։
Արգենտինայի հավաքականից վրիպեց միայն պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։
Արգենտինայի գոլերը խփեցին Մեսին, Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, իսպանական «Սեւիլիայի»25-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը եւ Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Նիդեռլանդների գոլերը խփեցին Կոպմեյներսը, Վեգհորստը եւ «ՊՍՎ Էյնդհովենի» 32-ամյա հարձակվող Լյուկ դե Յոնգը։