Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15։45-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 12 խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5 նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Նա աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես բանվոր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում ավագ քննիչ Արշակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։