Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների և պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացում ներկայացվել և քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը, փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի: Նա կարևոր է համարել քաղպաշտպանությունում ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակարգված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։