Լույս է տեսել «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության մեկնաբան Էմանուել Մարգարյանի հեղինակային գիրքը` «Հայկական ֆուտբոլային սփյուռքը» վերնագրով։ Բացառիկ աշխատության մեջ զետեղված է ամփոփ տեղեկատվություն հայկական սփյուռքում տարբեր ժամանակահատվածներում հանդես եկած և ներկայումս հանդես եկող հայազգի մեծահամբավ ֆուտբոլիստների, ինչպես նաև անվանի մարզիչների ու մասնագետների մասին:
Գիրքը կօգնի ընթերցողներին ավելի մոտիկից ծանոթանալ հանրահայտ վարպետների, ֆուտբոլի իսկական նվիրյալների հետ, հետաքրքիր կենսագրական տվյալներ իմանալ նրանց կարիերայի մասին, հաղորդակից լինել նրանց անցած ուղուն, ովքեր առանձնահատուկ հետք են թողել համաշխարհային ֆուտբոլի տարեգրության մեջ` ներկայացնելով ինչպես մերձավոր սփյուռքն ի դեմս նախկին Խորհրդային Միության հանրապետությունների, այնպես էլ հեռավոր սփյուռքը` Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի երկրները, որտեղ կան բավականին ակտիվ հայկական համայնքներ։
Գիրքը հարուստ է վիճակագրական հետաքրքրաշարժ տվյալներով, ունի գիտա–պատմական մեծ արժեք և կարող է ապագայում հիմք հանդիսանալ նմանատիպ հետազոտությունների համար: Սույն ամփոփ աշխատությունը բացառիկ է հայ իրականության մեջ, չունի իր նախադեպը և կհետաքրքրի ոչ միայն ֆուտբոլասերներին, այլև ընթերցասեր լայն հասարակայնությանը:
Գիրքը նախապես լույս է տեսել փոքր, սահմանափակ տպաքանակով, նախատեսված է առաջին հերթին մասնագետ–լրագրողների համար, մի քանի օրինակ հատկացվել է մայրաքաղաքի գրադարաններին։ Հետագայում հովանավորների աջակցության պարագայում «Հայկական ֆուտբոլային սփյուռքը» վերտառությամբ սույն հերտաքրքրաշարժ գիրքը կարող է տպագրվել ավելի մեծ տապաքանակով ու հասանելի դառնալ ֆուտբոլային լայն հասարակայնության համար։