Search
Close this search box.

Սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Հիմա էլ ԱԽ քարտուղար Գրիգորյանն է պատասխանում Ալիևի օգնականին

Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ ԱԺ–ում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին։

Երեկ Գրիգորյանը հայտնել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հայտարարել էր, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի հասկանան, թե որն է պայմաններ ստեղծելու այն մեխանիզմը, որպեսզի ԼՂ–ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա պայմանավորվածության շուրջ։ Գրիգորյանը հավելեց, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանց կողմից էլ հետաքրքրություն կա այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ Ուստի Գրիգորյանը հույս հայտնեց, որ կկարողանան հասնել իրենց նպատակներին։

Գրիգորյանը նշեց նաև, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու ԼՂ–ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է տարանջատվեն։ Նրա խոսքով` այժմ, սակայն, երբ ԼՂ հարցով միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքելու հարցով առաջ գնալ։

ԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանի մեկ այլ մոտեցում, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում առաջ ընթանալ։ Նրա խոսքով` ԼՂ հարցն ադրբեջանական կողմը համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն` խնդիրը կա, սակայն փորձում են ձևացնել, որ այն չկա։

Please enter a valid URL