Search
Close this search box.

Սկանդալ ոստիկանությունում․ գեներալի ազգականը քաղաքացուց առձեռն ստացել է 2500 դոլար, հայտնելով, որ Mercedes G500-ի գործը կարճելու համար այն պետք է փոխանցի միլպետին

Սկանդալային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի պետի ահազանգի փաստով։ Նշված բաժնի ոստիկանապետն իր վերադասին զեկուցել է, որ քրեական գործով ձերբակալված Երևանի բնակիչ 40-ամյա Կ․Հ․-ն իր հետ զրույցի ընթացքում բանավոր կերպով հայտնել է, որ Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթը կարճելու և իր Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան իրեն վերադարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանության սպան Երևան քաղաքում իրենից ուզել է 2500 ԱՄՆ դոլար։

Կայքի տեղեկություններով՝ գումարը նա տվել է առձեռն՝ Երևանում ճանապարհային ոստիկանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը Ճանապարհային ոստիկանության ծառայող Վրույր Գաբրիելյանի մասին է, ով համարվում էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի «լյուբիմչիկը» և նրան ժամանակին Վ․ Օսիպյանը նշանակել էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար։ Վ․ Գաբրիելյանի հորեղբայրն էլ գեներալ-մայոր է։

Կայքի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վ․ Գաբրիելյանի կողմից ենթադրյալ խարդախությունների մասին ոստիկանությունում ահազանգեր են ստացվում։ © shamshyan.com

Please enter a valid URL