44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մոր՝ Ելիզավետա Բուդաղյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հերոսածին ծնողներ, ես հանդիսանալով ձեզանից մեկը, երբեք չեմ հաշտվել ու չեմ հաշտվի այս իրականության հետ
Ինչպես տեսնում եք, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ երևույթները մեր ցավը չեն բուժում ու չեն բուժելու, հաստա՛տ։ Այո՛, համաձայն եմ, «ցավը տիրոջն է ցավեցնում», բայց համոզվեցի ևս մեկ անգամ, որ մեր տղաների անձնազոհությունը շատ քչերն են ընկալել:
Այսօր մեծամասնությունը պատրաստվում է նշել Նոր Տարին, որը նշում են ընտանյոք հանդերձ։ Երևի միակ տոնն է, որ դեռ չեն «հարամել», չնայած հազարավոր ընտանիքներ, որոնցից մեկը իմ ընտանիք է նշելու ենք զինվորական պանթեոնում՝ Եռաբլուրում։ Խոսքս ուղղում եմ իմ բախտակից ծնողներին, սույն թվականի, դեկտեմբերի 28-ին, 16:00-ին ես լինելու եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում, իմ որդու՝ հերոս, կամավորական Արման Օհանջանյանի լուսանկարով, կխնդրեի ձեզ միանալ ինձ, ձեր հերոսների լուսանկարներով, որպեսզի տոնածառի գեղեցկությամբ և լույսերից կուրացած ժողովուրդն ևս մեկ անգամ հիշի, թե ում է պարտական այսօր, ևս մեկ անգամ նայեն այդ հերոս տղաների նկարներին և մի փոքր ցածր զրնգացնեն իրենց գինով բաժակները և եկող սերնդին ցույց տան, որ կյանքը միայն ճոխություններով չի, ուրիշի կյանքի գնով ապրելով՝ գոնե պետք է առաջինը հարգեն ազգի հերոս նահատակների հիշատակը ու կառուցեն ամուր, անվտանգ երկիր, որպեսզի վաղը կարողանան իսկապես ուրախանան, ու խաղաղ երկնքի տակ ապրեն, և որպեսզի այլևս մեր շարքերը չհամալրեն սևազգեստ մայրեր։
Հուսով եմ արժանապատիվ և ադեկվատ են մեր բոլոր ծնողները, և նրանք նույնպես կմիանան ինձ: Ես այդ օրը ոչ մի բողոք և ոչ մի կոչ չեմ անելու, լռությունը իմ փոխարեն ամեն ինչ կասի: Ես գնում եմ իմ որդու համար, եթե համամիտ եք ինձ հետ, եթե գտնում եք, որ մեր տղաներն էլ պետք է մեր հետ ուրախ Նոր Տարի նշեին, միացեք իմ լռության ակցիային՝ «Խոսում են տղաները»
Հ. Գ. Նախապես ուզում եմ զգուշացնել, բոլոր այն «խելոքներին», ովքեր կփորձեն ինձ «խրատել», կամ «սփոփել», ինձ ո՛չ ձեր սփոփանքն է պետք, ո՛չ էլ կարեկցանքը, ձեր «խրատն» էլ ձեզ պահեք, ես ինքս եմ ուրիշներին խրատում:
Կհանդիպենք Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Պարզապես ձեր թանկ ժամանակից մի փոքր նվիրեք հերոսներին 28.12.22: