Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպման առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Մենք առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպենք լսելու, որոշ հարցեր քննարկելու, ինչու չէ նաև մեր մտահոգությունները հայտնելու համար: Սակայն կարծում եմ, որ դա մեծ հաշվով մեր քվեարկության վրա չի անդրադառնա, որովհետև ինչպես գիտեք՝ մենք փորձել ենք առաջադրել մեր թեկնածուին»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ թեև իրենք ֆորմալ առումով չկարողացան առաջադրել թեկնածու, սակայն շարունակելու են իրենց թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը:
Հիշեցնենք, որ «Ելքը» առաջարկում էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն չստացավ «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը:
Արարատ Միրզոյանը նաև տեղեկացրել է, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու են, սակայն նրա թեկնածությանը դեմ են քվեարկելու: