«Հրապարակ» թերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Գրիգորյանը ՔԿ նախագահի պաշտոնից ազատվել է անցած տարվա հուլիսին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում եւ տեղ է տալիս հլու-հնազանդ կամակատարներին, որոշել է նրան անգործ չթողնել։ Չէ՞ որ նա պաշտոնաթող այն սակավաթիվ անձանցից է, ով երբեւէ չի քննադատել Փաշինյանին, նրա հրաժարականը չի պահանջել, նրան չի մեղադրել կործանարար պատերազմի, պարտության, կորուստների եւ կառավարման ձախողումների համար։ Իսկ նման պահվածքը, որպես կանոն, խրախուսվում է այս իշխանությունների կողմից։
Սկզբում Հայկ Գրիգորյանին որոշեցին առաջադրել զինդատախազի պաշտոնում, եւ նա անգամ դիմում ներկայացրեց՝ մրցույթին մասնակցելու համար, սակայն հետո կա՛մ նա փոշմանեց, կա՛մ առաջարկն անողները, եւ որոշեցին տեղափոխել ԲԴԽ՝ որպես Կարեն Անդրեասյանի սթաֆի անդամ, ով առաջիկայում լիքը անելիք ունի, մասնավորապես՝ անհնազանդ դատավորներին վեթինգի ենթարկելու եւ համակարգն անկախ դատավորներից ազատելու։
Ինչեւէ, նախօրեին Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ Հայկ Գրիգորյանին ընտրեց ԲԴԽ անդամի պաշտոնում, սակայն քվեարկության արդյունքների մասին մեր հրապարակումը ՀՀԿ-ի ներքեւի էշելոններում ծանր ընդունեցին։ Բանն այն է, որ Գրիգորյանի թեկնածությունն անցել է միաձայն, եւ նրան կողմ է քվեարկել ոչ միայն իշխող «Քաղպայմանագիրը», այլեւ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը։
Գրիգորյանը ստացել էր 75 կողմ ձայն, «Հայաստան» դաշինքը հայտարարել էր քվեարկությանը չմասնակցելու մասին, իսկ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր։ Այսինքն՝ 4 ձայն էլ Գրիգորյանը ստացել է «Պատիվ ունեմ»-ից։
Լուրը հրապարակելուց շատ չանցած՝ Սերժ Սարգսյանի համակրանքը վայելելու շնորհիվ ԱԺ պատգամավոր դարձած Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեր հրապարակումը որակեց ստահոդ, կեղծ ու ՀՀԿ-ի ֆեյսբուքյան ակտիվիստների օգնությամբ փորձեց թիրախավորել մեր լրատվամիջոցը։ Սկզբում փորձում էին համոզել, թե իրենց խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, հետո օրիորդ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը, ուստի մենք իրավունք չունենք ասելու, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունը քվեարկել է Հայկ Գրիգորյանի օգտին, քանի որ իր թանկարժեք քվեն չի գումարվել ՔՊ-ի 71 ձայնին։
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն է խմբակցության իրական ղեկավարը, եւ միայն նա կարող էր հրահանգել, որ կողմ քվեարկեն Հայկ Գրիգորյանի թեկնածությանը։ Գուցե պատճառն այն է, որ Գրիգորյանն իր կադրն է՝ ինքն է ժամանակին ճանապարհ բացել երիտասարդի առաջ՝ դեռեւս 2009-ին․ իր՝ նախագահ կարգվելուց հետո առաջին տարում 33-ամյա Գրիգորյանին նշանակել է քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի եւ վերլուծության բաժնի ավագ քննիչ, իսկ 2015-ին՝ արդեն Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Բացի այդ, հեղափոխությունից անմիջապես հետո ՔԿ նախագահ նշանակված Գրիգորյանը, ըստ տարբեր տեղեկությունների, գրեթե հերոսական ջանքեր է գործադրել, որ Սերժ Սարգսյանի եւ նրա մերձավորների նկատմամբ շինծու գործեր չկարվեն, եւ դա ամենալավը հենց ՀՀ երրորդ նախագահը գիտի։
Նկատենք նաեւ, որ ոչ միայն ՔՊ-ի, այլեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն են գործում որպես հնազանդ զինվորներ՝ իրենց «գեներալի» հրահանգներին ականջալուր։ Ճիշտ է՝ օրենքն ասում է, որ «պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով. պատգամավորը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում», այսինքն՝ նաեւ քվեարկություն իրականացնելիս է պատգամավորն ազատ, բայց պարզ է, որ կուսակցական բոսերի հրահանգն օրենքից վեր է։ Այս տենդենցը հատկապես նկատելի է ՔՊ-ում ու ՀՀԿ-ում, որի անդամները երբեմն նեղ շրջապատում չեն թաքցնում, որ ճար չունեն՝ պետք է այսպես քվեարկեն կամ ինչ-որ հարցերում լռեն, կամ ինչ-որ թեմայով խոսեն, որովհետեւ այդպես է «հրահանգված»։
«Պատիվ ունեմ»-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այնպես չէ, որ խմբակցությունում բոլորն են կողմ եղել ԲԴԽ թեկնածուին կողմ քվեարկելու որոշմանը, սակայն ստիպված են եղել կատարել, քանի որ խմբակցության որոշում է կայացվել։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովից պարզեցինք, որ Հայկ Գրիգորյանի քվեարկությանը մասնակցել են ՊՈՒ խմբակցության բոլոր պատգամավորները, բացառությամբ Աննա Մկրտչյանի եւ խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանի, ով բացակայելիս է եղել երկրից։ «Մասնակցել են հինգ պատգամավոր՝ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Մարտուն Գրիգորյանը, Տարոն Մարգարյանը եւ Թագուհի Թովմասյանը»,- մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչ Քրիստինե Պողոսյանը, իսկ 71 հոգանոց ՔՊ-ից բացակայել է միայն Սերգեյ Բագրատյանը։ «Գործուղման էր»,- ասաց ՔՊ-ականը։ Ի դեպ, ՔՊ-ում անգամ զարմացել են ՊՈՒ-ի քվեարկությունից, քանի որ Հայկ Գրիգորյանին ընդամենը 65 կողմ էր հարկավոր, եւ ՔՊ-ի ձայները միանգամայն բավարար էին։
Ստացվում է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը գրեթե միասնական որոշում է կայացրել՝ աջակցել իշխանության սրտի թեկնածուին։ Թե դրան ինչ բացատրություն կա՝ պարզ չէ, քանի որ ՊՈՒ անդամները երեկ զանգերին չէին պատասխանում։
Հիշեցնենք․ երբ շաբաթներ առաջ ՊՈՒ-ն տեւական բոյկոտից հետո վերադարձավ խորհրդարան, այդ որոշումը եւս կայացվել էր մեկ մարդու կողմից, խմբակցության որոշ անդամներ խոստովանում էին, որ չեն կարողացել համոզել Ազատիչին, որ դա չանեն։