Ռուսաստանում կայացած փոխվարչապետերի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը, բայց արդյունք չի եղել։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող եմ ասել, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը։ Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ։ Եվ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը, մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները։ Եվ այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին ու մեր ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- ասաց նա։
Նա հավելեց․ «Ավտոճանապարհների հարցով էլ մենք պատրաստ ենք մեր հիշատակած հայտնի երեք անցագրային կետերը բացել։ Պատրաստ ենք նոր ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծմանը, կառուցմանը լավագույն երթուղով։ Դա մեր ճանապարհն է, հույս ունենք դրանով մեծ միջազգային տրանզիտ ապահովել նաև։ Եվ կրկին ՀՀ օրենսդրության շրջանակներում պատարստ ենք րոպե առաջ սկսել այդ ճանապարհների բացումը, վերակառուցումը, կառուցումը»։