Search
Close this search box.

Ինչու Մոսկվան համաձայնեց Հայաստանին «օգնությանը», բայց մերժեց զորքի դուրսբերումը

ԱԺ կայտառ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ հայտնել Հայաստանի ակնկալիքը՝ «հստակ քաղաքական գնահատական հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ, Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»:

Սրանք այն հարցերն են, որոնք ՀԱՊԿ-ը ղեկավարների մակարդակով հրաժարվել է ընդունել երեւանյան հավաքի ժամանակ։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ՀՀ իշխանության համար «սկզբունքային է Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը», եւ հավաստիացրել է, որ «Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում»:

Ալեն Սիմոնյանը մի քիչ էլ գանգատվել ու դժգոհել է ՀԱՊԿ-ից՝ օտար զորքը ՀՀ տարածքում է, բայց կազմակերպությունը չի կատարում իր պարտավորությունները։ Հայաստանից ՀԱՊԿ հեռանալու, պարտավորությունները չկատարելու եւ այլ հոխորտանքների տակ թաքնված է պարզ իրողությունը՝ 1․ ՀՀ-ն հավատարիմ է ՀԱՊԿ-ին, եւ 2․ ՀՀ-ն դարձնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի։

Թյուր տեսակետ կա, թե ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, ինչը գալիս է նրանից, որ թյուր պատկերացումներ կան Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ պարտավորությունների վերաբերյալ։ ՀԱՊԿ-ը լիարժեք կատարում է ՀՀ հանդեպ իր պարտավորությունները՝ ՀՀ միջազգային մեկուսացում եւ անվտանգության ոլորտի, սպառազինության մատակարարումների դիվերսիֆիկացիայի բացառում։

Հայաստանի դեմ ներկայում իրագործվող ծրագրերում ՀԱՊԿ-ը նոր դերակատարություն է ստանում․ բանն այն է, որ Բաքվի ներխուժումների առաջնորդությամբ ՀՀ տարածքի վերաձեւման իր ծրագրերում Ռուսաստանը հայտնվել է Հայաստանի դիմաց ուղիղ, իր դեմքով։ ՀՀ Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի տարածքների վրա ՀՀ ինքնիշխանության սահմանափակումն ու այդ տարածքների օտարումը ռուսական զորքի կողմից որոշակի զարգացումների պարագային կարող է գնահատվել որպես օկուպացիա։ Այս պայմաններում, ՀԱՊԿ-ը, ի լրում իր գործառույթների, դառնում է չափազանց հարմար գործիք եւ ցուցանակ՝ Հայաստանն ինքն է դիմել այդ կազմակերպությանն օգնելու համար։ Պատահական չէ, որ երեւանյան հավաքին ՀԱՊԿ երկրների ղեկավարները համաձայնեցրին «Հայաստանին օգնելու միջոցառումները», բայց հրաժարվեցին Բաքվի զորքերի դուրսբերման պահանջից։ Ավելորդ չէ նշել, որ օգնության միջոցառումները Բաքվի ներխուժումների օրինականացումն է եւ առաքելության հնարավոր տեղակայումները՝ «ՀՀ նոր սահմանի գծման» շրջանակում։

ՀՀ իշխանության կողմից ՀԱՊԿ-ին դիմելը լիովին օրինական հիմքեր է ստեղծում Մոսկվայի գործողությունների համար, իսկ ԱՊՀ տխրահռչակ հռչակագրին հավատարմությունը լիովին օրինական է դարձնում ՀՀ տարածքի վերաձեւումը, որքան էլ տարօրինակ թվա շատերին։

Քպ-ական իշխանության ձգտումները՝ Հայաստանը հռչակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, պատահական չեն։ Այդպես Արցախը հայտարարվեց «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»։ Սա հայկական իրավունքների ու ինքնիշխանության չեզոքացման քպ-ական իշխանության ագենտուրային պարտավորությունն է։ Իրավունքներից, պատասխանատվությունից, ինքնիշխանությունից ավելի կարեւոր հոգսեր կան՝ ամանորյա աժիոտաժ, լույսեր, բուդ, տոնածառ․․․

Lragir.am

Please enter a valid URL