Ռուսաստանը շահագրգռված է ամեն կերպ նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները, փոխանցում է TACC գործակալությունը։
«Կարևոր թեմա է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի ունեցավ հերթական գագաթնաժողովը»,- ասել է ՌԴ ԱԳ նախագահը։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն շահագրգռված է անել հնարավոր ամեն բան՝ հեշտացնելու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և, ընդհանրապես, վստահության ամրապնդման միջոցառումները, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջեւ շփումների զարգացման միջոցով։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում համագործակցության հարցը։ «Տարածաշրջանում փոխգործակցությունը, Կասպիցի հարցը, շփումները ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, որը շատ դժվար ժամանակներ է ապրում, Անկախ Պետությունների Համագործակցությունը և այլ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր ընդհանուր տարածքում, միշտ մեր օրակարգում են»,- ասել է նա։