Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:
ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ վսեմություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 51-երորդ տարեդարձի կապակցությամբ:
Անցած հինգ տասնամյակները նշանավորվում են Ձեր երկրի և ժողովրդի տքնաջան աշխատանքով, ինչը հնարավոր դարձրեց Միացյալ Էմիրությունների տպավորիչ ձեռքբերումներն ու առաջընթացը: Բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված աշխարհում խաղաղ համակեցության պահպանմանը և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելուն:
Խորապես արժևորում եմ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև առկա բարեկամական, օրեցօր զարգացող հարաբերությունները և վճռական եմ նպաստելու դրանց էլ ավելի խորացմանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ վսեմություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գալիք տարիներին ևս շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր հաստատակամ ուղին:
Բարձր եմ գնահատում մեր երկրների ավանդական, ջերմ հարաբերությունները և վստահ եմ, որ դրանք հիմք կդառնան մեր երկրների միջև առկա ներուժի լիարժեք իրացման համար:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»: