Search
Close this search box.

Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Թևանյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը

Պետք է արձանագրել, որ Հայաստանն ունի հանձնառություն` ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման և նրա անվտանգության ապահովման առումով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով ՀՀ ԱԺ տեսքի հիմնական դրույթները` ի պատասխան Ադրբեջանի Մինի Մեջլիսի ընդունած հայտարարության։

Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` հայտարարություն ընդունել ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։

«Հայտարարությամբ մի քանի սկզբունքային կետեր ենք ֆիքսում` նախ հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի վարձկան ահաբեկիչների միջոցով 2020-ի սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ։ Այդ հարձակմամբ խախտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքը, ըստ որի` պետք է բացառել ուժի կիրառումը, խախտվել է Հելսինկյան ակտի դրույթն ուժ չկիրառելու մասին, ինչպես նաև այն համաձայնությունը, որը ստորագրվել էր ՀՀ–ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, համաձայն որի` բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,–ասաց Թևանյանը։
Նրա խոսքով` հայտարարությամբ նաև արձանագրում են, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո քանիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, և իր նպատակադրումներն Արցախի ու Հայաստանի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի «Շուշիի հռչակագրի» մեջ։

Բացի այդ, ըստ Թևանյանի, սխալ է այն մոտեցումը, որ Ղարաբաղից ձերբազատվելով կարող ենք խաղաղության և բարգավաճման հասնել. ճիշտ հակառակը։
Նա նշեց նաև, որ որպես գնահատական` հայտարարության մեջ պետք է նշվի, որ Հայաստանը կողմ է խաղաղությանը և տարածաշրջանային կոմունիկացիների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելով, չպետք է լինի շանտաժի ներքո և ուժի կիրառմամբ։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ կարևոր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը` առանց սահմանափակումների։ Նշվում է, որ Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Please enter a valid URL