Search
Close this search box.

Տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է. Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

Please enter a valid URL