Կրակե բոցերի և սպասվող մարդածին աղետների հորձանուտը մտած աշխարհը մինչ պատրաստվում է նշել ճգնաժամային իրավիճակի, զուսպ ու համեստ Նոր տարվա մուտքը՝ 2023-ին՝ խուսափելով անհարկի զարդարանքներից, փայլփլուն լույսերից, Հայաստանի Հանրապետությունը, թերևս, միակն է, որ բոլոր ճակատներում ամենափխրուն վիճակում գտնվելով հանդերձ՝ որոշել է ամանորյա և եվրատեսիլյան պճնազարդությամբ հաղթահարել իր գլոբալ ճգնաժամը։
Ամենափխրուն վիճակում գտնվող հայությունը, որ 2020-ի 44-օրյան հաղթահարելու համար դեռ տարիների պետք ուներ, այս սեպտեմբերին ևս մարդկային մեծաքանակ կորուստներ ունեցավ, բայց իշխանությունները ոչ միայն կողքով անցան կորուստների, այլև՝ ծանրածանր այդ բեռն իրենց ուսերից որոշել են թոթափել խիստ յուրովի՝ անբնական և անբանական, ինչ-որ արհեստական տոնականության տրամադրություն ստեղծելով։
Իբր՝ ստեղծելով․․․ Ասենք՝ ամանորյա լապտերներ մեխելով ՀՀ կառավարության շենքի ճակատին և ճեղքեր բացելով տուֆակերտ շենքի պատերին, զարդաքանդակները վնասելով՝ մշակութային վանդալիզմը հո պոզով-պոչով չի՞ լինում։
Փողոցներն ու հրապարակները անհարկի պլպլան են դարձնում։ Եթե մարդկային սիրտը տխուր է, եթե Արցախ ես կորցրել, եթե հազարավոր զավակներիդ ես կորցրել և հողին չհանձնված կորուստներ ունես, գերիներ ունես բարբարոսների երկրում, դու ո՞նց կարող ես ուրախանալ։ Իմիտացիոն ուրախության լապտերներ մեխելո՞վ պետականությանդ խորհրդանիշ թամանյանական շենքերի ճակատներին, պատերին, զարդաքանդակներին․․․
Դա միտու՞մ է, թե՞ ապաշնորհություն։
Ռուսաստանն ի սկզբանե հայտարարեց, որ Ամանորը կնշեն, բայց՝ զուսպ և անզարդարանք, քանզի պատերազմի մեջ են, բազում կորուստներ են ունեցել, եվրոպական երկրներն էլ՝ ոչ միայն գոտիները ձգած են, այլև՝ ամեն օր մի նոր համաճարակի դեմ են պայքարում։ Եվ միայն Հայաստանն է, որ իր կորուստներն ու պարտությունը հաղթահարելու խիստ տարօրինակ ուղի է ընտրել։
Այսպես՝ մենք լույսեր կվառենք բազմաթիվ և տպավորություն կստեղծենք, թե՝ ուրախ ենք ու երջանիկ։ Իսկ մանկական Եվրատեսիլը մանուկներին փողոց կհանի և ուրախություն կպարգևի․․․Եվրատեսիլ տեսիլ, տեսիլք․․․
Այսինքն, պետական մակարդակով հրամայված է ուրախանա՞լ։ ՈՒրախանալ՝ անգամ՝ Հանրապետական հուշարձան-շենքերի վնասման գնով։
ՈՒ մի բան էլ՝ ԿԳՄՍ նախարարն ասում է՝ հոգ չէ, ի՜նչ խնդիր, նա, ով մեխերը խփել է, նա էլ կհանի մեխերը և ցույց է տալիս Երևանի քաղաքապետարանի կողմը։
Աղբյուր` Փաստինֆո