ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը խոսել է հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցի մասին եւ հարցեր է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու Բաքվի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:
«Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի», պատասխանել է Քվիենը:
Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում, որպեսզի հանձնաժողովը ճշմարիտ տեղեկություններ ունենա իրավիճակի մասին՝ Պետքարտուղարությանը պահանջներ ներկայացնելու համար:
Այսինքն, թե դեսպանի թեկնածու Քվիենը, ով անկասկած տեղյակ է Հայաստանյան իրողություններից, թե հատկապես սենատոր Մենենդեսը գիտեն եւ արձանագրում են, որ ՀՀ իշխանությունը չի դիմել ու չի դիմելու այդ հարցով։ Միջազգային քրեական դատարան ՀՀ իշխանության դիմումների կապակցությամբ էլ ժամանակին բացահայտվեց, որ դրանցում նոր հանգամանքներ չեն նշվել, որպեսզի դատարանն առանձին հետաքննություն սկսի։
ՀՀ իշխանությունների ագենտուրային պարտավորություններից մեկը Բաքվին եւ Բաքվի քայլերն առաջնորդող Մոսկվային ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից զերծ պահելն է։ «Արեւմուտքի, միջազգային հանրության լռության» կապակցությամբ տեղին դժգոհություններ հայտնելուց առաջ, խոսքը հատկապես ռուսանպաստ շրջանակների մասին է, այս հանգամանքը պետք է նկատի ունենալ։ ՀՀ իշխանությունը շատ հարցերում թիկունքից հարված է հասցնում արեւմտյան նախաձեռնություններին, ինչն անհետեւանք չի կարող լինել։