Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձրացրել է Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարվող ռազմական ագրեսիայի մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ»,– ասել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա 3-րդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ, և այդ ագրեսիայի հետևանքով ՀՀ ունեցել է 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Նախարարը խոսել է նաև հազարավոր տեղահանված ՀՀ քաղաքացիների, թիրախավորված բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների մասին։ Միրզոյանը հիշեցրել է նաև այն, որ ադրբեջանական ԶՈւ զինծառայողները պատերազմական գործողությունների ընթացքում հայ զինվորական կանանց և տղամարդկանց խոշտանգել են, ապա իրականացրել արտադատական սպանություններ։
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և խոսում են ռազմական հանցագործությունները հետաքննելու ու հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է Միրզոյանը։
Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը
Նախարարը նաև անդրադարձել է 2022 թվականի մարտ և օգոստոս ամիսներին Ադրբեջանի շարունակական սադրիչ և ագրեսիվ գործողություններին, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Նա ընդգծել է, որ եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների է ենթարկել ԼՂ ևս մեկ բնակավայր և փորձել խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։
Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, ըստ Միրզոյանի, Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, եթե Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն ՀՀ ինքնիշխանության ներքո։