Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ունենք աղքատության որոշակի նվազում. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում աղքատության ցուցանիշներին՝ նշելով, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը 26,5 տոկոս է:

«Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս, ընդ որում, եթե մենք համեմատում ենք 2020 թվականի հետ, ունենք աղքատության որոշակի նվազում, իսկ 2019-ի նկատմամբ՝ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում», — ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց, որ 2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը:

«Այսինքն՝ 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել դրանից հետո առկա տվյալների հետ: 2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին կովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ ցավով նկատեց, որ աղքատության ցուցանիշների վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չունեն. «Ինձ հավաստիացրել են, որ դա միջազգային ստանդարտ է, ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում։ Ամեն դեպքում, ես համապատասխան հանձնարարականը տվել եմ, որ մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք ու աղքատության հաղթահարման ռազմավարութունը մշակենք մեր գաղափարաբանության շրջանակներում, իսկ գաղափարաբանությունը հետևյալն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այլ տարբերակ չկա», — ասաց վարչապետը:

Please enter a valid URL