Ամանորին ընդառաջ Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների ընթացքում պատմամշակութային հուշարձան համարվող շենքի զարդաքանդակները վնասել են։ Զարդաքանդակի մեջ խփած մեխը ճաք է առաջացրել։ Սա առաջացրել է սոցցանցերի օգտատերերի զայրույթը, արժանացել խիստ քննադատության։ Մարդիկ սա որակում են որպես պետական վանդալիզմ։
Հայտնի Երվանդ Վարոսյանը գրում է. «Սա պարզապես հրապարակի շենքերի բարձրաքանդակների նկատմամբ անտարբեր կամ փնթի վերաբերմունքը վկայող նկար չէ։
Սա նկար է այն մասին, որ գեղցու լույսեր կախելու, քաղաքական էժան աչոկ հավաքելու, արդյունքում մի քիչ ավել իշխելու, մի քիչ ավել փող դիզելու նպատակից բացի չկա ոչինչ, չկա հայրենիք, չկա հայրենի հող, չկա հայրենի բնություն, չկա հայրենի պատմություն, չկա որևէ արժեք։
Իսկ արդյունքը պիտի լինի այն ինչ կա ու դեռ ավելի վատ»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հրապարակել է լուսանկարն ու գրել. «Ավինյան, սիրուն չի»։
Կրթության, գիտության, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը գրում է. «Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա լուսային զարդարնքի համար փչացնի հուշարձան շենքի զարդաքանդակը»։