Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է, որ հայաստանյան վերջին երկու ընտրություններն ապացուցում են, որ «հայերը հրաժարվում են Ռուսաստանի առաջարկած մոդելից»:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսին այդ մասին ասել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«Ցավոք, նախկին խորհրդային հանրապետություններից մի քանիսը շարունակում են կախում ունենալ Ռուսաստանից: Կարծում եմ, որ ԱՄՆ ու Հայաստանը կարողացել են աշխատել կախվածությունների որոշակի կրճատման եւ ավելի արեւմտյան ուղղություն որդեգրելու ուղղությամբ: 2018 թվականին հայերն անցկացրեցին երկրի պատմության մեջ ամենաազատ եւ ամենաարդար ընտրությունները, իսկ 2020 թվականին անցան պատերազմի միջով, որն ամենամեծ սթրեսներից է ժողովրդավարական պետության համար», — ասել է Լին Թրեյսին:
Նրա խոսքով, 2021 թվականին Հայաստանում դարձյալ կայացել են ազատ եւ արդար ընտրություններ եւ «հայերն ինձ ասել են, որ իրենք չեն ցանկանում կոռումպացված առաջնորդների վերադարձը եւ ուզում են ավելի լավ ապագա ունենալ»:
«Հայերն ասում են, որ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին: Եվ ներկայում ԱՄՆ եւ Հայաստանը շատ կարեւոր երկխոսություն են վարում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ավելի ժողովրդավարական եւ անվտանգ ապագային», — ասել է Լին Թրեյսին: