Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը ոչ հիմնական մեկնարկային կազմով պարտվեց նվազագույն հաշվով։
58-րդ րոպեին Թունիսի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնպելիեի» 31-ամյա հարձակվող Վահբի Խազրին բացեց խաղի հաշիվը։
Ավելացված 8-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը գրավեց Թունիսի թիմի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Ֆրանսիայի հավաքականը դեռ նախորդ տուրում էր երկու հաղթանակից հետո ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրն ու առաջին տեղը խփած 6 գոլի շնորհիվ։
D խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Դանիայի թիմին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Ավստրալիայի թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալական «Մելբուրն Սիթիի» 31-ամյա հարձակվող Մեթյու Լեկին։
Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի C խմբի երկրորդ տեղը գրաված թիմի հետ, ավստրալացիների մրցակիցը կլինի C խմբի հաղթողը։
ԱԱ-2022․ D խումբ, երրորդ տուր
Թունիս — Ֆրանսիա` 1:0
Վահբի Խազրի, 58
Ավստրալիա — Դանիա՝ 1:0
Մեթյու Լեկի, 60
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 4, Դանիա՝ 1։