ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը փակուղում չէ։ Դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման մասին Ադրբեջանի հայտարարություններին ի պատասխան՝ նա նշել է, որ Հայաստանը պայմանավորվածությունից չի հրաժարվում։
«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, մենք ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում»,- ասել է Աղաջանյանը՝ հավելելով՝ Ադրբեջանը նախնական պայմանավորվածություններից հրաժարվելու գործելաոճ նախկինում էլ է ցուցաբերել։
«Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը (բանակցային-խմբ․) փակուղային»,-ասել Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ իրենք աշխատելու են, որ դեկտեմբերին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, այնուամենայնիվ, կայանա։
«Պետք է աշխատենք, որ հանդիպումը տեղի ունենա»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը։