Հայաստանի հասարակական քաղաքական կյանքը լցված է տարբեր տեսակի դերասաններով, որոնց օտարերկրյա տարբեր կազմակերպություններ վճարում են՝ պատվիրելով կատարել տարբեր դերեր, հիմնականում` հասարակությանը երկրի առաջ կանգնած խնդիրներից շեղելու և հիմարացնելու համար:
Արդեն երկու տարի Հայաստանը անընդմեջ ենթարկվում է Ադրբեջանի ագրեսիային: Յուրաքանչյուր նման հարձակումը բերում է Հայաստանի տարածքային կորուստների ու մարդկային զոհերի:
Միայն երկուսուկես ամիս առաջ` սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած պատերազմի հետևանքով, թշնամին գրավել է տասնյակ հազարավոր հեկտարներ, հազարավոր մարդիկ փախստական են դարձել:
Այսօր պատշաճ չի կազմակերպվում Հայաստանի պաշտպանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը, փոխարեն շատ պատշաճ ձևով գրանտային ու Հայաստանը քայքայող կազմակերպությունները, այսպես ասած, դերասաններ են վարձում, ովքեր խաղում են ոչ թե թատրոնների բեմերում կամ նկարահանվում ֆիլմերում, այլ զբաղվում են տարբեր հանրային բեմադրությունների միջոցով հասարակության ուշադրությունը շեղել՝ անվտանգային ու կարևոր այլ հարցերից:
Դրանցից մեկը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման դեմ պայքարի բեմադրությունն է:
Գարեգին Միսկարյանը ստեղծել է մի նախաձեռնություն, որը կոչվում է Հատիս, և հայտարարում է, որ իր նպատակը Հատիս սարը պաշտպանելն է, քանի որ այն բնության հուշարձան է: Միսկարյանն այն պաշտպանում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից, թույլ չտալու համար, որ այնտեղ կառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը, իսկ լեռը՝ կանաչապատվի և բարեկարգվի:
Ասում է, որ լեռան վրա պատմության 49 հուշարձան կա, որ ինքը գնալու է մինչև Եվրոդատարան և նման հզոր մտքեր:
Եթե Հատիսը բնության հուշարձան է, ինչպես է ստացվել, որ նրա վրա 49 տարբեր հուշարձաններ են կառուցվել: Կառուցվել են տարբեր դարերում, տարբեր իշխանությունների ժամանակաշրջանում:
Գիտեք, ինչի են կառուցվել. ոչ թե այն պատճառով, որ այն ժամանակ չեն իմացել, որ Հատիսը բնության հուշարձան է, կամ այդ դարերում չեն եղել Գարեգին Միսկարյաններ, այլ որովհետև, այն ժամանակ դրանց նմանները տարբեր գրանտային ծրագրերի շրջանակներում հանրային ցույցեր կազմակերպելու աշխատանքների մեջ չեն ներգրավվել:
Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե հիմա որոշեին կառուցել Գեղարդ վանական համալիրը կամ Գառնիի տաճարը և անհայտ կազմակերպություններ հանձնարարեին Գարեգին Միսկարյանին պաշտպանել այդ տարածքները կառուցապատողներից: Ավելի լավ է չպատկերացնեք, որովհետև այդ տեսարանն արդեն իսկ նողկալի է, ինչպես որ նողկալի է այժմ բեմադրվող պայքարի ներկայացումը:
Հայաստանը միայն վերջին սեպտեմբերյան պատերազմի ժամանակ կորցրել է տասնյակ սարեր, հարթավայրեր ու դաշտեր: Հիմա ադրբեջանցիներն այդ տարածքներում ինչ ասես անում են՝ էլ փորում են, էլ տրաքացնում են, բետոնից ու երկաթից պաշտպանական կառույցներ են սարքում: Ինչու Գարեգին Միսկարյանը չի պայքարում այդ ապօրինի շինարարական աշխատանքները դադարեցնելու, այդ լեռներն ու դաշտերը պաշտպանելու համար չի դիմում Եվրոպական դատարան, բայց խիստ վրդովված է, որ Հատիսի վրա խրամուղի է փորվել, որով պետք է ջրագիծ անցկացվի և Հատիս լեռան վրա տնկվելիք ծառերը ջրվեն:
Չի պայքարում մի շատ պարզ պատճառով. նման հրահանգ չի ստացել, այդ թեմայով ֆինանսավորում չկա: Ու երբեք էլ չի ստանա: Հիմա բացատրեմ, թե ինչու:
Միսկարյանը ոչ միայն սովորական դերասան է, որ կարող է զբաղվել բնապահպանի դեր կատարելով, նա նաև աշխարհաքաղաքական դերերում է երկրորդ պլանի դերասանի դեր խաղում:
Օրինակ վերջերս մասնակցել է ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպվող հանրահավաքներին: Պատվիրատուն նույնն է. այսօր ուղարկում են Ազատության հրապարակ՝ ցույցի մասնակցելու, գնում է հրապարակ, մյուս օրը ուղարկում են Հատիս լեռան համար պայքարելու՝ գնում է լեռ, կամ այդ թեմայով հարցազրույց է տալիս:
Միսկարյանին հարցնում են, թե ով պետք է լրացնի ՀԱՊԿ-ի տեղը, եթե Հայաստանը դուրս գա այդ կառույցից, պատասխանում է բառացիորեն հետևյալը. «Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում․ էնքան շահագրգիռ կողմեր կան էսօր էս տարածաշրջանում իրանց ազդեցությունը հաստատելու, և դրա հետ կապված իրենք պատրաստ են համագործակցել, իրենք շատ շատ են: ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո մենք կստանանք առաջարկներ ոչ միայն արևմուտքից»:
Ամենաշահագրգիռն ու ամենամոտիկը Թուրքիան է, ու հիմա հենց Թուրքիան է ուզում լրացնել ՀԱՊԿ-ի տեղը: Թուրքիան այնքան արագ կլրացնի այդ տեղը, որ մյուս առաջարկողներին էլ ժամանակ էլ չի մնա: Սա նման է նրան, որ ինչ-որ կնոջ հարցնեն, թե եթե ամուսնուցդ բաժանվես՝ ում հետ ես ապրելու, ասի, թե էնքան առաջարկներ կլինեն, իմ վրա էնքան աչք ունեցողներ կան, հենց բաժանվեցի, առաջարկների պակաս չեմ ունենա:
Այ այսպիսի բարոյականության տեր մարդկանցով է լցված Հայաստանի այսօրվա հասարակական-քաղաքական դաշտը, որը կարող է մաքրվել միայն, երբ երկրում իսկապես նորմալ իշխանություն կստեղծվի, իսկ դերասաններին կուղարկեն ավելի հանրօգուտ աշխատանք իրականացնելու, ոչ թե երկրի զարգացման և առաջընթացի դեմ պայքարելու:
ArmLife.am