Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական հարցը պետք է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար պարտավորություն դառնա` ռազմական հակամարտությունից խուսափելու համար. Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և այդ ֆոնին Ադրբեջանի կողմից հռետորաբանության կոշտացմանը, ինչպես նաև գնահատելով առկա ռիսկերը, ասել է, որ իրականում իրեն լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Նա այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված ծավալուն հարցազրույցում:

«Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց»,- ասել է Ուորլիքը:

Խոսելով դեկտեմբերի յոթին Բրյուսելում նախատեսված հանդիպման հավանականությանը՝ դիվանագետը նշել է, որ առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իր ընկալմամբ, վերաբերում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությանը բանակցություններին:

Ըստ Ուորլիքի՝ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Անդրադառնալով կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտին՝ Ուորլիքն ասել է. «Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ»:

Անդրադառնալով օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի՝ Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ հանդիպմանը և, ատհասարակ, ԱՄՆ-ի ակտիվությանը և դերին այս գործընթացում՝ Ուորլիքն ընդգծել է, որ դեսպան Ռիկերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է:
«Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիկերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից», — ասել է դիվանագետը:

Խոսելով այս գործընթացում Մոսկվայի դերակատարման մասին՝ Ուորլիքը նշել է.«Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալ ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար»:

Հարցազրույցի ընթացքում Ուրոլիքը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ապագայի մասին: Դեսպանը հավատացած է, որ համանախագահների մանդատը շարունակում է լինել օգտակար:
Ուորլիքի կարծիքով՝ համանախագահության ձևաչափը կարող է արդյունավետորեն գործել, սակայն դժվարությունն այն է, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այսօր աշխատեն Մոսկվայի հետ:

«Բացի այդ, նախագահ Ալիևը կտրականապես մերժել է համանախագահության մանդատը: Նա ընդունել է Ռիկերին որպես հատուկ բանագնացի, բայց մերժում է Մինսկի խմբի գործընթացը, իսկ վերջինիս հաջողության համար անհրաժեշտ է, որ այս գործընթացին համաձայն լինեն բոլոր կողմերը», — ասել է նա:
Խոսելով հայ-թուրքական երկխոսության ապագայի մասին՝ Ուորլիքն ընդգծել է, որ Թուրքիան կարող է շատ օգտակար դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու հարցում:

«Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Բաքվում, և ես կարծում եմ, որ նրանք կարող են դա օգտագործել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ցանկալի է, որ օգտագործեն: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, ապա դրանք անհնար է կարգավորել մեկ օրում: Դա պետք է արվի վստահության ամրապնդմանն ուղղված փոքր քայլերի միջոցով, և երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն շարժվելու քայլ առ քայլ: Ես չեմ առաջարկում վերակենդանացնել 20 տարի առաջվա արձանագրությունները։ Դա անհնար է: Բայց ես հավատում եմ, որ եթե կողմերը ցանկանան, կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել, օրինակ, երկրների միջև առևտրի, հոգևոր հարստության պաշտպանության առումով։ Շատ կարևոր է, որ հայկական եկեղեցիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, պահպանվեն: Կարծում եմ, որ նման ուղղություններով հնարավոր է հասնել պայմանավորվածությանը: Եվ՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Եթե հնարավոր դառնա հասնել նրանց միջև նույնիսկ սահմանափակ չափով սահմանի բացմանը, ապա դա թույլ կտա առևտուր իրականացնել և ապահովել մարդկանց տեղաշարժը։ Դա կարող է սկիզբ դնել գործընթացի, որն իսկապես ձեռնտու է Հայաստանին: Գիտեմ, որ դժվար է հայկական կողմին գնալ այդ քայլի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել և հաշվի առնելով որոշակի հռետորաբանությունը, որը առկա է, բայց կարևոր է, որ այդ քայլն արվի և հաշտեցման գործընթաց սկսվի ի շահ բոլորի», — եզրափակել է նա։

Please enter a valid URL