«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին մայրաքաղաքում, հատկապես՝ Կենտրոնում, ընթանում են ամանորյա զարդարանքների մոնտաժման աշխատանքներ։ Աշխատանքային ու ոչ աշխատանքային օրերին փակվում են Երեւանի ամենաբանուկ եւ կենտրոնական փողոցներն ու պողոտաները։ Վերջին 2 օրերին, օրինակ, փակ է Մաշտոցի պողոտան, մի կողմից՝ լույսերն ու զարդարանքները տեղադրող մասնագետները, մյուս կողմից՝ նրանց հսկող ու կաթվածահար երթեւեկությունը մի կերպ կարգավորող պարեկները, դրան գումարած՝ նյարդայնացած վարորդները։ Մի խոսքով՝ աղմուկ- աղաղակ կամ, ինչպես կասեր դասականը, մի մեծ բոլոլա։
Դեկտեմբերի 5-ին Երեւանում պետք է տեղի ունենա «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային փառատոնը, այդ առիթով նաեւ Հանրապետության հրապարակն է նորացվում, թարմացվում ու զարդարվում։ Արդեն գրել էինք, որ Հանրապետության հրապարակի շենքերը՝ կառավարության շենքը, Ազգային պատկերասրահը, ամբողջությամբ նոր լույսերով են պատվել, որոնց համար պետական բյուջեից վճարվել է 114 մլն 287 հազար դրամ կամ 284 հազար դոլար, ընդհանուր ամանորյա զարդարանքների գինը կազմել է 650 հազար դոլար, բոլոր գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։
Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավար Լեւոն Սարդարյանին հարցրինք՝ գնված զարդարանքներն ու լույսերը մյուս տարիներին է՞լ են օգտագործվելու, թե՞ այդ շքեղությունը միայն մանկական Եվրատեսիլի համար է։ Սարդարյանը պատասխանեց․
«Ամբողջը դառնալու է Երեւան համայնքի սեփականությունը»։ Դիտարկմանը, որ 2019-ից առաջ գնված տոնածառն էլ է Երեւան համայնքի սեփականությունը, սակայն չի օգտագործվում, Սարդարյանն արձագանքեց․ «Լույսերը համայնքի սեփականությունն են ու օգտագործվելու են նաեւ հաջորդ տարիներին»։ Նրան հարցրինք նաեւ, թե ինչով է պայմանավորված, որ լույսերը տեղադրում են աշխատանքային օրերին, ցերեկով, հնարավոր չէ՞ դա գիշերն անել, որ մայրաքաղաքի երթեւեկությունը չխաթարվի։ «Հատկապես Մաշտոցի պողոտայում ենթակառուցվածքները ծառերի միջով են անցնում, ու լուսավորության խնդիր կա: Գիշերն այդ աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ: Որտեղ հնարավոր է եղել, աշխատանքները գիշերային ժամերին են արվել»։
Բայց անցյալում էլ կարծես թե ամեն տարի Երեւանը զարդարել են, ու փողոցները փակելու, մայրաքաղաքը կաթվածահար անելու անհրաժեշտություն չի ծագել։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ ինչպե՞ս էին ժամանակին այդ աշխատանքներն անում, որ երթեւեկությունը չէր խաթարվում։ «Հիմնականում գիշերն էին անում, որոշ աշխատանքներ էլ՝ ցերեկը, բայց այնպես, որ հնարավորինս չխոչընդոտեն տրանսպորտի երթեւեկին»,- ասաց Գեւորգյանը։
Հարցրինք նաեւ՝ ամեն տարի նոր լույսե՞ր էին գնում, թե՞ եղածն էին օգտագործում։ «Ամեն տարի լուսային նոր զարդարանքներ չեն գնվում, միայն անհրաժեշտության դեպքում էր նորը գնվում: Ի դեպ, երբեմն կիրառվում էին նաեւ լուսային զարդարանքների փոխատեղումներ: Ասենք՝ եթե լուսային ինչ-որ զարդարանք մի տարի տեղադրված է եղել մի փողոցում, հաջորդ անգամ կարող էր տեղադրվել մեկ այլ փողոցում»,- պատասխանեց Գեւորգյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։