ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:
Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի:
Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, որ բխել են մեր աշխատանքից:
Շնորհակալություն եմ հայտնում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներին` մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում:
Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և գաղափարներին՝ անկախ կարգավիճակից` իմ հետագա աշխատանքի մեջ գերակա պահելով հայրենիքի շահը»:
Նշենք, որ Հռիփսիմե Ստամբուլյանը 2005թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը` անգլերենի մասնագետի և քաղաքագետի որակավորումով։ Երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել։ Հիմնադրել է «Անռիվա-Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը, «Անռիվա-Տուր» տուրօպերատորը, «Անռիվա-Ռիելթի» անշարժ գույքի կազմակերպությունը, «Քորդոբա» ՍՊԸ-ն:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Հավելենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին օրեր առաջ հայտարարեց նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։