Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել:

Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել:

Քաղաքական իշխանությունը, մեզ հասած լուրերի համաձայն, դեմ չէ ո՛չ Ղազարյանի, ո՛չ Նուրբեկյանի թեկնածությանը: Տեղեկացանք նաեւ, որ նրանք երկուսն էլ ԿԲ-ի հին կադրերից են: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է Գագիկ Բարսեղյանին ներկայացնել ու սատարել: Նա, նշենք, ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է: Ինչ վերաբերում է ՀՌՀ անդամի թեկնածությանը, ապա նիստին մասնակցած պատգամավորները մեզ տեղեկացրին, որ երիտասարդ աղջկա միայն անունն են հիշում՝ Լենա: Ինչ վերաբերում է նրան՝ որպես ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրելուն ու սատարելուն, ապա ՔՊ-ում այդ մասով դեռեւս վերջնական տեսակետ չկա: Փաստն այն է, սակայն, որ ՀՌՀ անդամ դառնալ ցանկացող աղջիկը նիստին մասնակցող առանց այն էլ սակավաթիվ պատգամավորների մոտ չի տպավորվել, եւ որեւէ մեկը նրա ազգանունը չէր մտաբերում:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ 71 պատգամավոր ունեցող խմբակցության աշխատանքային նիստին երեկ մեկ տասնյակին մոտ մարդ էր մասնակցում: ՔՊ-ական պատգամավորներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ նիստ ունեն: Դա, թերեւս, խորհրդարանական աշխատանքի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի ու խմբակցության ղեկավարության աշխատեալոճի մասին է վկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL