Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհու եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Փորձաքննության անցկացման համար Վրույր Բարսեղյանին տեղափոխե՞լ են հոգեբուժական կենտրոն, թե նա մնացել է քրեակատարողական հիմնարկում, Քննչական կոմիտեից չհայտնեցին։ Հայտնի չէ նաեւ, թե երբ կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: