Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Արցախ տեղափոխվելու որոշման և հանրապետության զարգացման ծրագրերի մասին: Մեկնաբանելով իր՝ Արցախ տեղափոխվելու արձագանքը՝ Վարդանյանն ընդգծել է, որ որոշումը կայացրել է ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հրահանգի.«Իմ մասին վարկածների քանակն այնքան մեծ է, որ ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում «…» ես բիզնես եմ ունեցել Ռուսաստանում, Անգլիայում, Ամերիկայում, Կիպրոսում, Ուկրաինայում, Ղազախստանում։ Ես հիմա, երբ գրել եմ իմ հայտարարագրերը, որ ստիպված եմ եղել դուրս գալ մեծ թվով կազմակերպություններից՝ տասնյակ, ավելի քան 50, որտեղ ես դուրս եմ եկել տնօրենների խորհրդի կազմից, և հասկանալի է, որ ես միշտ գլոբալ բիզնես եմ ունեցել։ Ես միշտ եղել եմ ռուս մարդ, մյուս կողմից՝ աշխատել եմ ամբողջ աշխարհում», – նշել է նա։
Պատասխանելով հարցին, որ իրեն Արցախ են ուղարկել Մոսկվայից, Վարդանյանն ասել է, որ «լավ չի պատկերացնում, թե ինչպես է նորմալ ու բանական մարդը, որը գոնե մի քիչ մտածում ու հասկանում է, կարող է համարել, որ կա մեխանիզմ, որով ինչ-որ մեկին կանչում են ու ասում. «Դու վաղը կգնաս այնտեղ, և կանես այս և այս գործերը»։ Նա ընդգծել է, որ դա եղել է իր և իր ընտանիքի որոշումը։ «Դա իմ որոշումն էր։ Որոշում, որը, իհարկե, հնչեցրել եմ և ասել, որ նման որոշում եմ կայացնում։ Եվ ես խոսել եմ մարդկանց հետ, որոնք, այդ թվում, աշխատում են ռուսական պետության համար, որպեսզի բացատրեն իրենց դիրքորոշումը, այն հրապարակային դարձնեն, բայց ոչ ավելին։ Սա ևս մեկ անգամ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի դիրքորոշումն է։ Իսկ պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել դա անել, անհնար է», – ընդգծել է Վարդանյանը։
Նա պատմել է, որ Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ողջ ծրագրի հիմքում ընկած են երեք հիմնական ուղղություններ՝ Արցախի կարգավիճակի հարցը, նրա անվտանգությունն ու հանրապետության սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումը, որը նորմալ կյանք կապահովի հանրապետության 120 հազարանոց բնակչության համար։ Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա խոսքը վերաբերում է Արցախի դիրքավորմանը միջազգային տարածքում ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավաբանական դաշտում, այն մասին, որ Արցախը սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը, ասել է Վարդանյանը։
«Կառավարությունը պատրաստվում է իրականացնել մոտ 15 բարեփոխում, որոնք վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ ռազմականից մինչև տնտեսական։ Մենք կառուցում ենք առաջնահերթությունների կասկադային համակարգ, բոլոր բարեփոխումները համակարգելու է միասնական կենտրոնը։ Հասարակությունը նույնպես պետք է ներգրավված լինի այս գործընթացում, մարդիկ պետք է զգան, որ իրենք էլ կարող են ազդել այդ գործընթացների վրա և իրենց բաժին պատասխանատվությունը կրել կայացվող որոշումների համար», – ասաց պետնախարարը։