Search
Close this search box.

Ստացվում է, որ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանքը հաստատվելուց անմիջապես հետո իրավապահները պետք է կալանավորեն Փաշինյանին

Բարությանը չարությամբ պատասխանելը, երախտամոռությունն ու ապերախտությունը մարդկային հարաբերություններում նոր երևույթ չեն: Բայց այդ ամենն առավել զազրելի է, երբ իրականացվում է հրապարակայնորեն, ի ցույց դնելով մարդկային ցինիզմն ու անպատկառությունը:

2018 թվականի իրադարձությունների ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ խմբակցությունը աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, նրան ընտրելով վարչապետ: Չլիներ ԲՀԿ-ի՝ խորհրդարանի երկրորդ խմբակցության աջակցությունը, դժվար է ասել, թե իրադարձությունները ինչպես կզարգանային: Չմոռանանք, որ Փաշինյանի թեկնածությունը մայիսի 1-ին մեկ անգամ մերժվեց, և եթե այն երկրորդ անգամ էլ մերժվեր, նա այլևս առաջադրվելու իրավունք չէր ունենա:

Ի դեպ, Ծառուկյանը և ԲՀԿ-ն՝ Փաշինյանին աջակցեցին ոչ միայն խորհրդարանում, այլ նաև փողոցում. Ծառուկյանի հազարավոր կողմնակիցներ, ոչ առանց նրա հորդորի, միացել էին փողոցային պայքարին, այդ պայքարին հաղորդելով համաժողովրդական բնույթ:

Թվում է, զուտ մարդկային բարեկրթությունից ելնելով, Փաշինյանը պետք է որոշակի պարտքի ու պարտավորության զգացում ունենար մի մարդու և քաղաքական ուժի նկատմամբ, ով մեծապես աջակցել է իրեն իշխանության հասնելու հարցում: Մինչդեռ երախտագիտությունը մի զգացում է, որը ամենքին հատուկ չէ․ Փաշինյանիը պատասխանեց Ծառուկյանին և ԲՀԿ-ին, սակայն բոլորովին այլ կերպ` քրեական գործ հարուցելով:

Գրեթե երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Երկու տարի առաջ, 44 օրյա պատերազմից երկու օր առաջ, Ծառուկյանը կալանավորվեց և ազատ արձակվեց միայն նույն թվականի նոյեմբերի 13-ին: Պատերազմի ամբողջ ընթացքում Ծառուկյանը կալանքի տակ էր, և սա ևս ինչ-որ բան հուշում է: Հիմա պարզվում է, որ այդ գործով կա 20 մեղադրյալ:

Ինչի է ուզում այս քրեական գործով հասնել Փաշինյանը, այնքան էլ դժվար չէ ենթադրել: Ըստ տարածված կարծիքի՝ Փաշինյանը ապրելու մեկ նպատակ ունի, կյանքը իմաստավորելու միայն մի ձև՝ որքան հնարավոր է շատ փող կուտակել: Ընդ որում այդ փողը կուտակել ոչ թե ստեղծագործ աշխատանքի, այլ այլոց ունեցվածք միջոցով:

Միայն թե այս դեպքում մի փոքր քաղաքական կազուս է ստեղծվում: Եթե 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը հաջողության են հասել ընտրողներին կաշառելու միջոցով, ինչպես ասվում է մեղադրական եզրակացության մեջ, ապա նրանց՝ որպես պատգամավորի, լեգիտիմությունը ևս կակսկածի տակ է: Ստացվում է, որ 2018 թվականի մայիսի 8-ին էլ նրանք իրավունք չունեին մասնակցելու Փաշինյանի ընտրությանը:

Բայց քանի որ մասնակցել են, նրանց քվեարկությունը ապօրինի է, իսկ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրությունը անօրինական: Եթե Հայաստանի իրավապահ մարմինները առաջնորդվում են օրենքով, և ոչ թե Փաշինյանի անձնական ցուցումներով, ապա պետք է Ծառուկյանի նկատմամբ մեղադրանքը հաստատվելուց անմիջապես հետո կալանավորեն Փաշինյանին, որպես իշխանությունը ապօրինաբար բռնազավթած անձի:

Փաշինյանը, իհարկե, շատ լավ գիտի, որ նման հեռանկար իրեն չի սպառնում: Մյուս կողմից նա ավելի լավ, քան որևէ մեկը գիտի, որ եթե 2017 թվականի ընտրությունների ժամանակ եղել է ընտրակեղծիք, ապա դա եղել է իր ներկայացրած Ելք դաշինքի օգտին:

Ըստ օդում կախված որոշ տեղեկությունների՝ բանակը այդ ժամանակ հստակ հրահանգ է ստացել քվեարկել Ելք դաշինքի օգտին, եվ առանց այդ պարտադրանքի Փաշինյանը, Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը պատգամավոր չէին ընտրվի: Եվ այդ հրահանգը տրվել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից, ում դեմ ևս ինչ-որ քրեական գործ կա, բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է:

ArmLife.am

Please enter a valid URL