Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այսքան տարի այսօրվա նման իրավիճակ չի եղել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում։
«Մենք միշտ արձագանքել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Ուստի մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»,- ասել է Ալիեւը։