Բաքվի և Երևանի միջև հարաբերություների կարգավորմանը «խոչընդոտում են Հայաստանի ռևանշիստական ուժերը, Հայաստանի ռազմականացումը» և Հայաստանի կողմից իր ֆինանսական հնարավորությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը, հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շադլինսկին, փոխանցում է «Ազատությունը»։
Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունենալով ուժային կառույցի կազմակերպած համաժողովին՝ Շադլինսկին պնդել է, թե Հայաստանի իշխանությունները «ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով ձգձգել» հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը նաև հայտարարել է, թե Բաքուն փաստեր ունի «ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման», ինչպես նաև «ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման» մասին: Մանրամասներ, սակայն, նա չի ներկայացրել։
Մինչ Ադրբեջանի ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանին մեղադրում էր սպառազինություն ձեռք բերելով խաղաղության օրակարգը տորպեդահարելու համար, մեկ այլ պաշտոնյա պատմել է Ադրբեջանի զինված ուժերի հզորացմանն ուղղված քայլերի մասին։ Համաժողովին ներկա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մասնավորապես, հայտարարել է, որ երկրի նախագահի հանձնարարությամբ կառուցվում են նոր զորամասեր, շարունակում են ժամանակակից ռազմական տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերել բանակի համար՝ բարձրացնելու զինված ուժերի ռազմական պոտենցիալը։
Թեև Բաքուն շարունակ հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, Իլհամ Ալիևը անցած օրերին իր ելույթներից մեկում ասել է, թե Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Ընթացիկ տարում Բաքուն երկրի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը հատկացրել է մոտ 2,6 միլիարդ դոլար: Գրեթե նույնքան էր կազմում նաև անցած տարվա ռազմական բյուջեն։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ մինչև 2025 թվականը երկրի ռազմական ծախսերը պետք է կազմեն գրեթե 2,8 միլիարդ դոլար։ Ադրբեջանի առաջնորդի խոսքով` ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանից վտանգ են տեսնում։
«Ռազմական սադրանքները», «հայկական ուժերի դուրսբերման թերի գործընթացը», «ադրբեջանական տարածքների նպատակային ականապատումը», սրանք են Հայաստանից բխող վտանգները՝ ըստ պաշտոնական Բաքվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ պնդելով, որ հայկական կողմի այդ քայլերը խոչընդոտում են ադրբեջանական կողմի լայնածավալ վերականգնողական, շինարակական աշխատանքներին, վերաբնակցեման գործընթացին։
«Ընթացիկ տարվա օգոստոսից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի հատվածներում, հայտնաբերվել է 1119 ական, ղարաբաղյան տնտեսական շրջանում՝ 1609 ական արտադրված Հայաստանում 2021 թվականին»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, որ վերջերս հայտնաբերված ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքը «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»։