Search
Close this search box.

Փաշինյան-Քոչարյան զույգը «Հայաստան» խմբակցությանը հետ բերեց խորհրդարան. ում ինչի համար էր պետք այդ օպերացիան

Չնայած հրապարակային տեղեկատվության բացակայությանը, երևում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը համատեղ ջանքեր են գործադրել «Հայաստան» խմբակցությանը խորհրդարան վերադարձնելու համար:

Որքան էլ որ Փաշինյան-Քոչարյան տանդեմի գոյության մասին պնդումն անհավանական թվա, իրական փաստերը վկայում են դրա գոյության մասին:

Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցությանը խորհրդարան մտցնելու համար օգտագործել է այդ խմբակցության դե ֆակտո ղեկավարի ունեցած ազդեցության լծակները, իսկ Փաշինյանը` հրապարակային և ոչ այնքան շանտաժի մեխանիզմները:

Չնայած դրան, «Հայաստան» խմբակցության ներսում հարաբերությունները շարունակում են մնալ խիստ լարված, և այն, ի վերջո, բերելու է պայթյունի:

Մայիս ամսին, երբ ընդդիմությունը սկսեց «Դիմադրության» շարժումը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը` հայտարարելով բոյկետի մասին:

Երբ ընդդիմության ներկայացուցիչներին հարցնում էին, թե հնարավոր է նրանք վերադառնան խորհրդարան՝ պատասխանում էին, որ իրենք խորհրդարան կվերադառնան միայն իրենց օրակարգով, բազմանշանակ ակնարկելով, որ այդ օրակարգը Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելն է, որի համար նրանք աշխատում էին նաև իշխանական խմբակցության պատգամավորների հետ՝ համոզելու համար, որ միայն պաշտոնանկության միջոցով է հնարավոր Հայաստանն այս վիճակից դուրս բերել:

Հենց այդ ժամանակ էր, որ Քոչարյանը շրջանառության մեջ դրեց ընդդիմության և իշխանության կողմից փոխադարձ ընդունելի վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարը, որը միանգամից մերժվեց իշխանության կողմից:

Երբ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը վերադարձավ խորհրդարան՝ մասնակցելով խորհրդարանի նիստի աշխատանքներին, այդ խմբակցության անդամները որևէ քաղաքական հասկանալի բացատրություն չտվեցին իրենց այդ քայլին, այդպիսով կասկած հարուցելով, որ ինչ-որ բան այն չէ:

Հետո խմբակցության ներսից, ըստ մեզ հասած ինֆորմացիայի, որ երբ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննարկվել է խորհրդարան վերադառնալու հարցը, խմբակցության անդամներից շատերը դեմ են եղել այդ տարբերակին՝ հասկանալով, որ դա նշանակում է ինքնաոչնչացում, հանրային առանց այն էլ պակասող աջակցության էական անկում:

Ավելին, Քոչարյանը պնդել է և նույնիսկ կարգադրել` վերադարձին այլընտրանք չկա, իսկ երբ մի քանիսը հակադրվել են, ապա առաջարկել է՝ մանդատները դնել: Մասնավորապես, Իշխան Սաղաթելյանը, ով «Դիմադրության» շարժման հանրային դեմքն էր և համակարգողը ասել է, որ խորհրդարան վերադառնալը հավասար է ինքնաոչնչացման, Քոչարյանն ասել է, որ կարող է չինքնաոչնչանալ՝ հրաժարվելով մանդատից, և չգնալ խորհրդարան: Որոշ տեղեկություններով՝ դրանից հետո լարվել են ՀՅԴ-ի և Քոչարյանի հարաբերությունները, բայց ՀՅԴ-ն մանևրի քիչ հնարավորություն ունի, նկատի ունենալով նաև որոշ արտաքին ազդեցություններ:

Իսկ ինչի էր Փաշինյանին պետք, որ խորհրդարանական ընդդիմությունը վերադառնա ու մասնակցի նիստերին: Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նույնիսկ ժողովրդավարության բաստիոն, համատարած բռնապետական շրջապատում:

Իսկ ով է տեսել ժողովրդավարական երկիր՝ միակուսակցական խորհրդարանով, ինչպիսին դարձել էր Հայաստանի խորհրդարանը՝ ընդդիմության բոյկոտից հետո:

Կա նաև վերադարձի մեկ այլ բացատրություն ևս. առաջիկայում հնարավոր է ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Այն միջազգային համաձայնագիր է, և ըստ Սահմանադրության, պետք է վավերացվի խորհրդարանում: Մի բան է, երբ նման փաստաթուղթը վավերացվում է միակուսակցական և լեգիտիմությունից զուրկ խորհրդարանում, մեկ այլ բան, երբ այն քննարկվում և ընդունվում է բազմակարծության պայմաններում, անգամ եթե դրա ընդունմանը դեմ արտահայտվող ուժերը դեմ են քվեարկում վավերացմանը՝ դրանով լեգիտիմացնելով փաստաթուղթը:

Կարող է հարց առաջանալ, թե Քոչարյանի ինչին է պետք, որ լեգիտիմացնի խորհրդարանը և նրա կողմից ընդունվելիք որոշումները:

Նախ պետք է հասկանալ, որ Քոչարյանը մեծ հաշվով թքած ունի թե Հայաստանի, թե Արցախի ճակատագրի վրա, և որոշակի ֆինանսական միջոցներ ծախսելով ու 29 հոգու խորհրդարան բերելով՝ Քոչարյանն ընդամենը նպատակ է ունեցել այդ խմբակցությունը ծառայեցնել իր բիզնես շահերի սպասարկմանը, իր կուտակած բիզնես կայսրության պաշտպանությանը:

Այդ կայսրությունը հնարավոր չէ պաշտպանել առանց գործող իշխանության հետ սերտ, թեկուզ և ոչ հրապարակային համագործակցության:

Քոչարյանը խմբակցությունը օգտագործում է նպատակային նշանակությամբ, իր  պատգամավորներին ստիպելով վարվել այնպես, ինչպես որ պահանջում են իր անձնական շահերը: Ինչ վերաբերվում է նրան, որ այդ օգտագործման արդյունքում գործիքները մաշվում կամ փչանում են, ապա դա Քոչարյանին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ գործիքները նախատեսված են օգտագործման համար և նման արտադրական կորուստները ևս մտնում են բիզնես պրոյեկտի նախահաշվի մեջ:

Ի տարբերություն Փաշինյանի ստեղծած ՔՊ խմբակցության, որտեղ մեծ հաշվով բոլորը «գաղափարական մարտիկներ են հանուն դրամանիշների» և չունենալով ոչ անձնական հեղինակություն, ոչ առավել ևս ինքնասիրություն, պատրաստ են կատարել տիրոջ`Փաշինյանի ցանկացած հրահանգ, «Հայաստան» խմբակցությունում կան մարդիկ, ովքեր ունեն և անձնական հեղինակություն, և ինքնասիրություն, և գիտակցում, որ դրանց ոչնչացումը զրկելու է իրենց հետագայում քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից:

Բայց նրանք հայտնվել են շատ ծանր փակուղում. մի կողմից Քոչարյանը ասում է, որ եթե ուզում եք փրկել ձեր հեղինակությունը, ապա վայր դրեք մանդատները, մյուս կողմից Փաշինյանը հասկացնում է, որ եթե մնաք առանց մանդատի՝ քրեական գործ կհարուցեմ և կձերբակալեմ, կապ չունի թե ինչ մեղադրանքով:

Քոչարյանին պետք չի, որ իր խմբակցությունից թեկուզ 3-4-ը վայր դնեն մանդատները և ինքնասիրություն խաղան, քանի որ դրանով շատ հիմար վիճակի մեջ կդնեն նրանց, ովքեր գլուխները կախ կատարում են իրենց վերապահված «расходный материал» -ի դերը: Չնայած այս վիճակը երկար շարունակվել չի կարող, որովհետև որքան էլ ամուր փակես եռացող կաթսայի կափարիչը, միևնույն է այն մի պահի պայթելու է, այրելով նաև այդ կափարիչը սեղմողին:

Եվ որքան շուտ կաթսայի մեջ գտնվողները պայթեցնեն այն՝ այնքան լավ իրենց համար:

ArmLife.am

Please enter a valid URL