«Ռուսաստանի նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում, մենք որոշակի ազդակներ ստացանք, որ կարող է լինել էական եւ լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնան ու սկսենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը», այսօր կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կասկած չկա, որ այդ հանգամանքը նախապես ծրագրված էր և պայմանավորված նրանով, որ մինչ ՀԱՊԿ Վեհաժողովը, կար Փաշինյան-Պուտին զրույցի անհրաժեշտություն: Հակառակ պարագայում չկար նույն մեքենայով գնալու անհրաժեշտություն, եթե Վեհաժողովից հետո ծրագրված էր Փաշինյան-Պուտին պաշտոնական հանդիպում:
Եվ այդ համատեքստում էլ Երեւանը Հայաստանին օժանդակելու ՀԱՊԿ որոշումն ու Վեհաժողովի հռչակագիրը չի ստորագրել հենց «առկախելու» տրամաբանությամբ՝ ելնելով այն նախնական զրույցից, որ Վեհաժողովից առաջ ունեցել են Փաշինյանն ու Պուտինը եւ որն անկասկած եղել է Երեւան գալուց առաջ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցի շարունակությունը:
Վարչապետ Փաշինյանի այսօր արած հայտարարությունը գործնականում կարող է հուշել դիտարկածս տարբերակի բարձր հավանականության մասին:
Հակոբ Բադալյան