Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու համար առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը՝ ըստ անցումային ժամանակացույցի: Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։
Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։
Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը։ Արդյունքում օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կացության հետ կապված բոլոր գործառույթները կկենտրոնան մեկ պետական մարմնում, կմեծանա միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրագործման փաստահենությունը, միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի քաղաքացիներին և միգրանտների տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակը, կմեծանա դրանց հասանելիությունը, կզարգանան ոլորտի աշխատակիցների կարողությունները, առավել դյուրությամբ կիրականացվի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել. «Այստեղ խոսքը միայն և ուղղակի նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ, չնայած դա նույնպես մեր խնդիրների մեջ է մտնում: Ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, որ այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է: Սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը մենք հետապնդում ենք, և ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է: Այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու: Նույնը վերաբերում է նաև Փրկարար ծառայությանը, նույնը վերաբերում է նաև նախարարությանը:
Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ոստիկանական, փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք Ոստիկանությանը և Փրկարար ծառայությանը, իսկ այն գործառույթները, որոնք ունեն քաղաքացիական նշանակություն՝ արդեն Նախարարությանը և նրա կառույցներին: Օրինակ, ավանդաբար անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում քաղաքացիական գործառույթ է, և մենք հիմա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դուրս կբերենք Միգրացիայի ծառայությունը, և կստեղծենք Միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն, եթե անունը ճիշտ ասեցի՝ անունն էական չէ, բովանդակությունն է էական: Եվ անձնագրային գործառույթներով կզբաղվի այդ ծառայությունը, որը կլինի Ներքին գործերի նախարարության կազմում»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է Ոստիկանության և Փրկարար ծառայության նոր ստանդարտի, նոր որակի կարևորությունը: «Մենք խնդիր պետք է դնենք, որ ամեն տարի մեր Պարեկային ոստիկանության աշխատանքի որակը պետք է փոխվի, և մարդիկ դա պետք է տեսնեն, որովհետև եթե առաջընթաց չկա, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենալու միանշանակ՝ հենց թեկուզ այս մոտիվացիայով: Եվ մենք նաև Ոստիկանության, Փրկարար ծառայության նոր ստանդարտներ պիտի ունենանք, և կարծում եմ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք արվել է: Մենք հիմա և՛ Ոստիկանությունում, և՛ Փրկարար ծառայությունում աշխատանքի լավագույն փորձը պիտի վերցնենք, մեր աշխատանքի լավագույն փորձը և աշխարհի լավագույն փորձը պետք է վերցնենք, և պետք է այս առումով շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար»,-ասել է վարչապետը:
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դրա առանձնահատկությունները. «Առաջինը՝ մեր կարգավորումներով Ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ: Հաջորդը՝ Ոստիկանության պետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ: Հաջորդը՝ մենք Ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես Ոստիկանության գվարդիա, և այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն Ոստիկանության զորքերը: Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց որակական էական փոփոխություններ կլինեն: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հենց նախարարության ձևավորման մեկնարկից մենք պետք է արդեն սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի Ոստիկանության և Փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Եվ սա նոր որակի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի ու ցանկության մեջ է, զուգահեռաբար, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, ինչի մասին խոսել ենք»:
Վարչապետը նշել է, որ այս փուլում ստեղծվում և ներդրվում է զինվորական բնույթի ծառայությունների համար մեխանիզմը. «Ուսադիրներ կրող մարդկանց համար մենք այս համակարգը ներդնում ենք: Ընդ որում, մենք նախորդ օրը խոսել ենք՝ նաև Քրեակատարողական ծառայության պարագայում այս համակարգը պետք է ներդնենք, և արդեն 2023 թվականից գործընթացը պետք է գնա: Այսինքն՝ միանգամից չի լինի, բայց 2023 թվականին արդեն բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ — իրենցից է կախված՝ որքան շատ — որ այդ առնվազն կրկնապատկված աշխատավարձերով արդեն կաշխատեն: Իհարկե, շատ կարևոր բարեփոխում է, փոփոխություն է, և շատ կարևոր է, որ մենք դա անցնցում ենք անում: Այսինքն՝ 4 ամիս կունենանք զուգահեռ նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն, և սա շատ կարևոր է, որպեսզի համակարգերն ինտեգրվեն»:
Այդ համատեքսում կառավարության բովանդակային ենթակառուցվածքների բարեփոխումներին զուգահեռ կարևորել է նաև ֆիզիկական ենթակառուցվածքների փոփոխության անհրաժեշտությունը. «Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի մենք հենց մյուս տարվանից Ոստիկանության՝ նոր ստանդարտի տարածքային կառույցների շենքեր ունենանք, և արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել ենք: Մենք կսկսենք Մեղրիից՝ Մեղրիի ոստիկանությունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում, Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ, մի քանի տեղ նոր ստանդարտի ֆիզիկական ենթակառուցվածքներ ենք ստեղծել: Ես նկատի ունեմ կոնկրետ և՛ Փրկարար ծառայության, և՛ Ոստիկանության շենքերը բոլորովին նոր ստանդարտի պետք է լինեն: Այն բովանդակային փոփոխությունը, որ մենք մտցնում ենք, պետք է երևա նաև ֆիզիկական ենթակառուցվածքներում: Հիմա Քաղաքաշինության կոմիտեն, Ոստիկանությունը, այսպես ասած, տիպային նախագիծ են փորձում ստանալ, որ կախված բնակավայրի չափերից՝ ինտեգրված ոստիկանության բաժին ունենանք: Ինչո՞ւ եմ ասում ինտեգրված՝ որովհետև նոր կառուցվածքով, ըստ էության, Ոստիկանության տեղային կառույցները մի փոքր այլ տրամաբանությամբ են կառավարվելու»: