Search
Close this search box.

Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները, փոխարենը ՀՀ-ում 10 տարի չի բարձրանա գազի գինը

ՀՀ կառավարությունը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

31,79 մլն ԱՄՆ դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար է, իսկ 3 մլն ԱՄՆ դոլարը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար։

Նշվում է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան — Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Բացի այդ, նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Ըստ կառավարության՝ արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։

Please enter a valid URL