Search
Close this search box.

«ՀՐԱՊԱՐԱԿ». Մացոն ճիշտ էր, Նիկոլը սխալ

Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարին մարտի մեկի գործով  7 տարվա ազատազրկման դատապարտեց Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն այդ ժամանակ «իրեն կոտորում էր»՝ ասելով, որ նա ամենակոռումպացված ու խամաճիկային  դատավորն է ու կատարում է իշխանության պատվերը։ Երբ Նիկոլ Փաշինյանն անցավ իշխանության գլուխ,  2008-ի մարտյան հետընտրական իրադարձություններից 14 տարի անց նախկին ընդդիմադիր չորս գործիչները, նրանց թվում Հայաստանի վարչապետն այսօր արդարացվեցին. վճռաբեկ դատարանը բեկանեց վարչապետ Փաշինյանի, Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանի, դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և ակտիվիստ Տիգրան Բաղդասարյանի դատավճիռները։ 
«Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել:

Քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ», — հայտարարեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը: Վճռաբեկի այս որոշումները բողոքարկման ենթակա չեն։
Եթե Փաշինյանն իրոք անմեղ էր, նրան դատապարտման ենթարկած դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանը,  պետք է պատասխանատվություն կրեր։  Եթե  Փաշինյանն է պաշտոնեական դիրքը չարաշահել և արդարացրել իրեն, պիտի պատասխանատվություն կրի ինքը։ Կատարվել է ամենապարադոքսալ բանը։ Ամենակոռումպացված ու սխալ դատավճիռ կայացրած դատավորին Բարձրագույն դատական խորհուրդը ընտրում է նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ամենապատասխանատու պաշտոնում նշանակում է սխալ դատավճիռ կայացրած, կոռումպացված դատավորին։ Սա նշանակում է, որ Փաշինյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը ու սկզբունքային դատավորի դատավճիռը չեղարկել։ 

Նիկոլ Փաշինյանը լավ ձևը գտել է։ Ոչ մի բարձրաձայնված հարցի չի պատասխանում, նույնը հրահանգում է իր ենթականերին։ Ինքնահարցազրույցների միջոցով հանրության մի զանգվածի ,,շշմեցնում է,, ու դրանով բավարաված թիկնապահներով, ուժայիններով ու դիպուկահարներով իր իշխանությունն է երկարաձգում։ Այս նշանակումը հուշում է մի պարզ բան։ Մացոն ճիշտ էր, Նիկոլը սխալ․ մարտի մեկի գործով Նիկոլը չպիտի արդարացվեր։ Նա օգտագործել է պաշտոնական դիրքը։ Վկայությունն այն է, որ իրեն դատապարտած ու Փաշինյանի հայտարարած ամենակոռումպացված  դատավորը պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, նշանակվել է  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Please enter a valid URL