Հայաստանն, իհարկե, կմնա ՀԱՊԿ-ում, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ պահանջված։
«ՀԱՊԿ գագաթնաժողովում շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատի թեման։ Ռուսաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում և կշարունակի օգնել երկու երկրներին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի փորձում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի ստորագրումը թվագրել ժամկետով, գլխավորն այն է, որ այն ստորագրվի։
«Կարևոր է, որ երկրները համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, բոլորը պետք է ջանքեր գործադրեն դա անելու համար՝ առանց միմյանց հետ մրցակցելու»,- ասել է նա։