Զանգվածների ատելության եռանդով 2018 թվականին Կրեմլի կողմից իշխանության բերված Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնի 4 տարիների ընթացքում մշտապես հենակների կարիք է ունեցել։ Այժմ տեղական հենակները բավարար չեն, և Մոսկվան ստիպված է պաշտոնական Երեւանին օգնության նետել նախավերջին ռեզերվը՝ Բաքվին: Վերջինը լինելու է վարչապետի «հայրության» իրավունքները ստանձնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչու՞ հիմա պետք եկավ Բաքուն
Էրդողանի մասին առիթ կլինի դեռ շատ խոսել։ Իսկ այժմ համառոտ անդրադառնանք Փաշինյանին պահող բազմակի օգտագործման հենակների սքանչելի պատմությանը։ 2018 թվականի ապրիլյան բողոքի ծավալման օրերին Հայաստանում ՌԴ դեսպանությունը փողոցային ճակատ նետեց բոլոր առկա քաղաքական ուժերին, բացառությամբ, անշուշտ, հենց Սերժի ՀՀԿ-ի։ Արդեն մայիսին, սակայն, երբ ձեռք բերվեց անհրաժեշտ մարդաքանակը, այնպիսի միավորներ, ինչպիսիք են Դաշնակցությունը և Ծառուկյանի ԲՀԿ-ն, բոցավառ տրիբունի համախոհներից՝ ռեժիսորի ամուր ձեռքով կտրուկ վերափոխվեցին նրա թշնամիների։ Այս գրոսմայստերական զոհաբերությունը զանգվածների աչքին նրանց դարձրեց ոչ թե պարզապես թշնամիներ, այլ դավաճաններ, «նախկիններ»: Հենց որպես այդպիսին էին նրանք արժեքավոր Լավրովի պլանի իրականացման հաջորդ փուլում։
Փաշինյանի թշնամիների բանակը պետք է գորշ ու զզվելի լիներ։ Զանգվածները պետք է նողկային վարչապետի հակառակորդների մամռոտ, քարացած, հետադիմական, ռուսանպաստ և նույնիսկ արտաքնապես անհրապույր էությունից: Նիկոլը պետք է շահեկանորեն ընդգծվեր «ընդդիմություն» մակագրությամբ ստվարաթղթե բեմական հետնակի ֆոնին։ Հակառակ դեպքում գավառական թերուս վարժապետների ինքնագործ խմբակը նույնիսկ երեք ամիս չէր մնա իշխանության, չխոսելով արդեն հետպատերազմյա շրջանի մասին։ Հենց այդպիսին էր սցենարիստների «շեշտավորված ընդգծման» քաղտեխնոլոգիական հնարքը:
Կիրառվեց նաև «անհանդուրժելի այլընտրանքի» հնարքը։ Որպես այդպիսին հարություն առավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորի կողմից մոռացված, բոլորի համար անհետաքրքիր, նրան շտապ թափ տվեցին նավթալինից և հպարտ նստեցրին մեղադրյալի աթոռին, որտեղ եւ շողշողաց գրեթե մինչև 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմը: Նիկոլ անունով «ղազարոսի» ջանքերով կենդանություն առած, քաղհալածյալ դարձած Քոչարյանը այլեւս ոչ մի օր չլքեց հեռուստաէկրաններն ու համացանցային մեդիայի էջերը։
Գրեթե իսկական դատական պրոցեսի շնորհիվ նա վերստին ընձյուղվեց, ձեռք բերեց վարչապետին միանգամայն արժանի մրցակցի կերպարանք և ատելի անցյալ վերադառնալու դժոխային սարսափ սփռեց շուրջբոլորը։ Ի տարբերություն շինծու հիստերիաների մեջ ընկնող Նիկոլի, Քոչարյանը ոչ այն է Գրեգորի Պեքի, ոչ այն է Ռոբերտ Դե Նիրոյի խոժոռ կերպարով, գրեթե փափազյանական մնջախաղի էր դիմում, որի սրածայր դետալները պատռում էին խոշոր պլանների բիրտ կտավը: Դժոխային ախոյանը, հելլբոյը հառնեց մոխիրներից: Հանրությունը սարսռեց՝ մի՞թե նորից:
«Ընդդիմության» ստվարաթղթե հետնակն ու Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ատելի անցյալի մարմնավորում, դարձան Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հուսալի հենարանը
Հայ քաղաքական դասի դասավորության սխեմատիկ պատկերը հրապարակեց ինքը ՌԴ նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նախապատերազմյան 2019 թվականի ավարտին ասել էր. «Քոչարյանի ձերբակալությունը խոչընդոտ չէ Պուտինի և Փաշինյանի հարաբերությունների համար [1]»։ Չմոռանանք, խոսքը հաստիքով Պուտինի ընկեր անձնավորության մասին էր։ Արդեն 2021 թվականի ընտրությունների նախաշեմին՝ «Փաշինյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչների թվում է», իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին՝ «նա ապագայում էլ զարգացնելու եւ խորացնելու է փոխգործակցությունը ՌԴ հետ [2]»։ «Խռովարար» դրածոյի և նրա տիտղոսակիր ռուսամետ սպարրինգի դերերը ի լուր ռուսական հովանավորության մնացած «փեսաների» ներկայացված են հնարավորինս անկեղծ։ Մանավանդ, հայ հանրության զգալի մասը Պեսկով-Կոպիրկինի բանաձեւից ոչինչ չհասկացավ ու քվեարկեց հանուն «Ապագայի»: Թերեւս, առ այսօր գլուխ չի հանել:
«Ընդդիմության» ճենճոտ հետնակը և շողացող Մեֆիստոն, իբրեւ դժնդակ անցյալի մարմնացում, դարձան Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հենարանը: Մի ռեժիմ, որ այս հնարքի շնորհիվ հնարավորություն ստացավ անվարան պարծենալ իր իսկ կերտած ռազմական «պարտությամբ» ու պարտությամբ էլ փաստարկել հետագա զիջումների անվերջանալի շարքը: Ռոբերտի ժամանակներ վերադառնալու մտքից ծնված հանրային սարսափը պիտի գերազանցեր Փաշինյանի խմբակի ակնհայտ ռուսապատկանության ու աղաղակող ապիկարության սարսափին։ Այդպես էր սցենարում:
Իշխանության ռուսական արմատները պետք է քողարկվեին հաստիքային «ռուսների» կողմից՝ Քոչարյանի գլխավորությամբ։ Եւ ահա, նույնիսկ այս հմտորեն կառուցված հենարանները բավարար չեն, քանի որ արևմտամետի հագուստ կրող վերնախավը անզեն աչքով էլ տեսանելի Պուտինի գիծն է տանում։ Արեւմտամետի պիտակները պոկվում, թափվում են նրանց բարձր ճակատներից: Հենարանների համակարգը ճաք է տալիս ու մոտ է փլուզմանը, ինչին կհաջորդի արդեն Նիկոլի անկումը։ Իսկ երկրորդ այդպիսինը չկա հայ նոքարների անծայրածիր հորիզոնին: Տագնա՛պ, բոլորն ի զեն: Դե, մեկն ու մեկդ կողքից ասեք, որ Փաշինյանը Կրեմլի նախագիծ չէ՝ ռուսն ուրիշ է։
Մեկն ու մեկը գտնվեց միայն ի դեմս Բաքվի ռուսալեզու կարեւոր մի հրատարակության գլխավոր խմբագրի: Առցանց միջոցի անունը, ասում են, կա՛մ արաբերեն է, թե թուրքերեն՝ պատճենած լենինյան նշանավոր «Պրավդայից»: Ակնհայտորեն անդրկովկասյան քաղաքական և առհասարակ քաղաքական գործերում զրո խմբագիրը շտապեց փրկել Փաշինյանի արևմտամետ համբավը, որ նրա համար կերտել էին մոսկովյան ֆարսի բեմադրիչները։
Իբր, Մոսկվան «մեկ անգամ չէ, որ փորձել է տապալել ատելի Փաշինյանին» անցյալի գործիչների օգնությամբ։ Ամենայն լրջությամբ թվարկվում են խորհրդարանական «հետնակի» բոլոր պերսոնաժները ու անձամբ Քոչարյանը։ Ու նման էլի շատ հիմարություններ՝ հենակները կենդանացնելու միտումով: Բայց որքան էլ բազմակի օգտագործման լինեն Փաշինյանի ընդդիմադիր հենարանները, ցանկացած կառույց վերջիվերջո ենթակա է քայքայման։ Իսկ Պուտինի երեւանյան այցին Բաքվից աջակցող ձայնը միայն սրում է բյուր զոհեր բերած դժոխային դիմակահանդեսի ավարտի զգացողությունը: Թերեւս, նորի նախաշեմին:
lrair.am