Search
Close this search box.

Բաքուն հարձակման հող է նախապատրաստում

Արցախի ՊԲ կողմից հրետակոծությունների վերաբերյալ Բաքվի ամենօրյա կեղծ տեղեկատվության նպատակը պարզ է՝ հող նախապատրաստել նոր ագրեսիայի համար։ Ընդ որում, հողը նախապատրաստվում է հիմնավոր՝ Բաքվում փորձում են Արցախի պաշտպանության բանակը կապել ռուսական Վագներ մասնավոր ռազմական կառույցի հետ, որը միջազգային հանրության կողմից շուտով կարող է ճանաչվել ահաբեկչական կազմակերպություն։

ՀԱՊԿ երեւանյան հավաքի նախօրեին Բաքվի ոչ պաշտոնական խոսափողի ծավալուն հրապարակման մեջ ագրեսիայի մասին խոսվում է բացահայտ։ Խոսափողը հիշեցրել է Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե Արցախի շփման գծի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի միջազգային երաշխիքներով, Արցախի պաշտպանության բանակի կարիքը չի զգացվի, իր հերթին, եթե Ռուսաստանը համաձայնի ավելացնել խաղաղապահների թիվը եւ տեղակայել շփման գծի երկայնքով, Արցախի բանակը կարող է վերափոխվել տեղական ինքնապաշտպանական խմբերի։ Խոսափողը գրում է նաեւ, որ Վիտալի Բալասանյանը, ի պատասխան այս հայտարարությունները մեկնաբանելու հարցի, ասել է, որ իրենց ոչ ոք նման տարբերակներ չի առաջարկել, նման հարց չի քննարկվում։

Բաքվի խոսափողը գրում է, որ Բաքուն չի համաձայնի ոչ ապառազմականացված գոտուն, ոչ էլ ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացմանը, իսկ առանց «անօրինական ռազմական կազմավորումների զինաթափման իմաստ չկա խոսել հայ բնակչության իրավունքների ու անվտանգության մասին»։ «Բայց եթե նույնիսկ համաձայնություն լինի այդ հարցում, ո՞վ է զինաթափելու պաշտպանության բանակը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ զինաթափման միակ շահագրգիռ կողմը մնում է Ադրբեջանը։ Իսկ դա նշանակում է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու ողջ տարածքում հատուկ գործողությունն անխուսափելի է։ Ադրբեջանական բանակը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ռուս խաղաղապահների ժամանակավոր ներկայությունը երաշխիք չէ զինված կազմավորումների հրամանատարների ու անդամների համար», գրում է խոսափողը։

Այս ծավալուն մեջբերումն անում ենք պատկերն առավել հստակ դարձնելու համար։ Մի կողմից, ակնհայտ է հատկապես վերջին շրջանում Փաշինյանի «խաղաղ օրակարգին» Բաքվի բացահայտ աջակցությունը։ Մյուս կողմից՝ շարունակվում է Արցախն ու Արցախի բանակը Ռուսաստանին ու ռուսական ներկայությանն ամուր կապելը հայերի ռուսանպաստության ամուր ապացույցներով, ինչը միջազգային հանրության աչքին արդարացնում է ցանկացած «հատուկ գործողություն»՝ Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի ներկայիս քաղաքականության համատեքստում։

Մինչ հայերը մխիթարում են ինքզինքը, թե Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հանձնումը Բաքվին, քանի որ այդպիսով իրենք դուրս կմղվեն Հայաստանից ու Կովկասից, Մոսկվան ու Բաքուն համատեղ լուծում են նաեւ այս խնդիրը ավանդական սխեմայով։ ՀԱՊԿ երեւանյան հավաքն ուղղված է հենց դրան՝ Կովկասից Ռուսաստանի հնարավորինս անկորուստ ու աստիճանական նահանջն ապահովելը Հայաստանի հաշվին։ Այդ խնդրի լուծման համար է Արցախում տեղակայվել ռուսական կոնտինգենտը։ Արցախը ընդամենը պատանդ է այս ծրագրերում։

Կոպիտ ասած՝ մինչ Արցախի հանձնումը Մոսկվան ՀԱՊԿ միջոցով ամրապնդում է ՀՀ-ում իր ներկայության խնդիրը, եթե խոսքը դրա մասին է։ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ագրեսիայի խնդրի քննարկման տապալումը Մոսկվան բացատրեց «դա սահմանային բախում էր վիճելի տարածքներում, որը ենթակա է լուծման ՀԱՊԿ շրջանակում, Հայաստանի դիմումի հիման վրա» ձեւակերպմամբ։ ՀԱՊԿ ցուցանակը Մոսկվային իրավական, ռազմական եւ այլ լիովին օրինական լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում․ պատահական չէ, որ երեւանյան հավաքի նախօրեին Մոսկվան հայտարարեց, որ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը ՀԱՊԿ-ին չի վերաբերում։ Զուգահեռ, Մոսկվան ու Բաքուն նախօրեին ռազմավարական բնույթի մի շարք համաձայնագրեր կնքեցին։

Նիկոլ Փաշինյանը հուսալի փակում է միջազգային բոլոր խողովակները, որոնք կարող են զսպել նոր ագրեսիան։ Կարեւոր է նկատել, որ ռուս-թուրքական համաձայնության ֆոնին Հայաստանը պարտավորվել է առանձնացնել Թուրքիայի, Բաքվի եւ Արցախի խնդիրները եւ հրաժարվել Նախիջեւանի վերաբերյալ իր իրավասության բաժնից։ Այսպիսով, Արցախի դատարկումը կարող է ընթանալ կեղծ քարտեզներով Հայաստանի Հանրապետության աևեւելյան սահմանի առանձնացմանը զուգահեռ։
lragir. am

Please enter a valid URL