Հայաստանին աջակցելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությությունը պահպանվում է։ Այն տեղեկատվույունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ–ադրբեջանական սահմանին։ ՀՀ–ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է»,– ասաց Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ կազմակերպությունը մեծ նշանակություն է տալիս նաև Տաջիկստան–Ղրղզստան սահմանին իրավիճակի կարգավորման անհրաժեշտությանը։
«Կարծում ենք, որ ՀԱՊԿ–ը ունի անհրաժեշտ միջոցներն ու փորձը մեր անդամ երկու երկրներին աջակցություն տրամադրելու համար։ Իհարկե, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ կհամարեն»,– ասաց Զասը։