Search
Close this search box.

Իրանում զոհերի թիվը գերազանցեց 300-ը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ Իրանում իրավիճակը ճգնաժամային է դարձել, քանի որ իշխանությունը չափազանց կոշտ է արձագանքում հանրային բողոքներին:

Ընդհարումների հետևանքով զոհվածների թիվն արդեն գերզանցել է 300-ը: Բախումներում վնասվածքներ են ստացել հարյուրավոր ցուցարարներ: Կան մեծ թվով ձերբակալվածներ:

«Սեպտեմբերի 16-ին մեկնարկած հանրային բողոքների ընթացքում սպանվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում ավելի քան 40 երեխաներ: Երկու տասնվեցամյա պատանի սպանվել է անցած շաբաթավերջին: Ցուցարարներ են սպանվել Իրանի 31 նահանգներից 25-ում: Այդ թվում ավելի քան 100 մարդ զոհվել է Սիստանում և Բալուջիստանում»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ջերեմի Լուորենսը:

Իրանի վարչակարգը կոշտ միջոցներ է ձեռնարկում հանրային բողոքների մասնակիցների նկատմամբ:

Իրանում բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ մահմեդական գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար սեպտեմբերի 16-ին «բարոյականության ոստիկանության» կողմից բերման ենթարկված 22-ամյա ծագումով քուրդ կինը՝ Մահսա Ամինին մահացել է բաժանմունքում:

Ենթադրաբար, նա ծեծի է ենթարկվել, մինչդեռ, իրավապահները պնդում են, որ ջահել կինը սրտի կաթվածից է մահացել: Ոստիկաններն առավել խիստ ու դաժան են գործում Իրանի քրդաբնակ շրջաններում:

Իրանի ղեկավարները պնդում են, թե այդ բողոքների «բուն կազմակերպիչները Միացյալ Նահանգներն է և Իսրայելի սիոնիստական ռեժիմը»:

Please enter a valid URL