Hraparak.am-ը գրում է. «Սիլվայի գործով» ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկել է հերթական նիստը։ Գործով, հիշեցնեք, անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Թե Քոչարյանը, թե Գևորգյանը ներկայացել են դատարան։
Նշենք, որ նախորդ նիստը կայացել էր նոյեմբերի 15-ին, սակայն թե դատախազության ներկայացուցիչները, թե պաշտպանական կողմը ապացույցների հետազոտման ժամանակ թարգմանության հետ կապված մի շարք անճշտություններ էին հայտնաբերել։ Նախ Սիլվա անունը անգլերենից հայերեն թարգմանելիս վերածվել էր թվերի, ինչը նիստերի դահլիճում պարզապես ծիծաղ էր առաջացրել։ Թարգմանիչին հրավիրել էին դատարան, սակայն չէր ներկայացել։ Ռոբերտ Քոչարյանը նիստին միայնակ էր եկել՝ առանց պաշտպանների, ինչի արդյունքում նիստը կրկին հետաձգվեց։
Քոչարյանի պաշտպաններ Խուդոյանն ու Ալումյանը տեղեկացրել էին, որ չեն կարող ներկայանալ նիստին։ Հովհաննես Խուդոյանը նշել է, որ առողջական խնդիրներ ունի, իսկ Ալումյանը նշել է, որ այս պահին մասնակցում է մեկ այլ նիստի։ Դատավոր Դանիբեկյանը հարց տվեց երկրորդ նախագահին, թե իր մյուս պաշտպաններից Օրբելյանը ինչու չի ներկայանում նիստներին։
«Իմ մյուս պաշտպանը ներկայանում է, երբ որ միջնորդություն ներկայացնելուց ենք լինում, ես սրա մասին նախորդ անգամ էլի ասել եմ։ Վերջին մեկ տարում նա կարծեմ երկու անգամ է ներկա եղել, երկու անգամ էլ միջնորդություն է ներկայացվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, ինչից հետո Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ Օրբելյանը իմացել է մյուս պաշտպանների բացակայության մասին ու չի եկել։
«Ես հետը չեմ խոսել, ես այսօր եմ իմացել»,- արձագանքեց Քոչարյանը։