Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կառույցի պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ 1 ամիս առաջ։
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է գրություն այն մասին, որ նույն տարվա հունիսի 29-ին կայացրած որոշման համաձայն` դատական մարմինները բացասական կարծիք են հայտել շահագրգիռ անձին, այսինքն` Խաչատրյանին, արտահանձնելու դիմումի վերաբերյալ»,– ասացին դատախազությունից։
Որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, Խաչատրյանի արտահանձնումը վերջինիս համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ։
Դատախազությունից նաև նշեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի– խմբ.) 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 38-314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելը) 1-ին մասով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն հանցակից լինելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ: