Այսօր Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքը ապօրինի արգելելու հետ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ այդ օրվա իրադարձությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Եվ այսպես, նոյեմբերի 16-ին, գիշերվա ժամը 02.30-ին Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ: Տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, ով երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին /մարդը բնականաբար քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով/ և ասում է, որ հսկող դատախազի կողմից Ա.Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում /մեղադրանքի որոշման նոր անվանումն է/:
Նույն օրը երեկոյան ժամը 20.30-ին Քննչական կոմիտեի շենքում Ա.Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը ընտրելու մասին:
Երկու որոշումն էլ թվագրված են 16.11.2022թ., ժամի մասին նշում առկա չէ:
Այսինքն՝ Ա.Աշոտյանի ՀՀ-ից ելքի արգելքն օրինական լինելու համար պետք է տեղի ունենար հետևյալը՝
2022 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 00.01-ից մինչև 02.30-ը հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, ով բնականաբար ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում, քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, ով իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենը առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում:
Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար:
Հասկանալի է, որ ոչ հսկող դատախազին, ոչ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է:
Նման դեպքերում ճիշտը պոպկոռն առնելն է և դիտելն է, թե ինչպես է հերթական անգամ խայտառակվելու կապիտուլյանտ իշխանությունը»,- գրել է փաստաբանը: