Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ նոյեմբերի 15-ին Երևանում գտնվող երկու հուշարձանի տապանաքարերին պարսկերեն գրություններ արած տղամարդիկ հայտնաբերվել են։
Մասնավորապես, այդ օրը անհայտ անձինք Խաչքարերի պուրակում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն ինչ-որ գրություն էին թողել։
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ: Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության հաղրոդագրության մեջ, սակայն, նշված չէ, թե ովքեր են այդ 29-ամյա և 39-ամյա տղամարդը և ինչ նպատակով են պղծել արձանները։
Մեզ հաջողվեց պարզել, որ տղամարդիկ Հայաստանում բնակվող իրանցիներ են, որոնք դժգոհ են Իրանի իշխանություններից, և պարսկերեն գրություններով իրենց բողոքն են արտահայտել Իրանի իշխանությունների դեմ։ Նրանք ասել են, որ արձանների վրա գրություններ թողնելով նպատակ են ունեցել աղմուկ բարձրացնել՝ հույսով, որ այդպիսով իրենց բողոքի ձայնը ավելի արագ տեղ կհասնի։