Search
Close this search box.

Եվրոպան ներքաշվում է պատերազմի մեջ

Ուկրաինայում պատերազմի կարգավորման համար անհրաժեշտ են հրադադարի ռեժիմ եւ խաղաղ բանակցություններ։ Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Պատժամիջոցների քաղաքականությունը եւս մեկ քայլ է դեպի պատերազմ։ Յուրաքանչյուրը, ով միջամտում է հակամարտությանը [պատժամիջոցներ կիրառելով], նաեւ ընդունում է այնպիսի դիրքորոշում, որը քայլ է դեպի հակառակ կողմերից մեկը. այլ կերպ ասած՝ պատերազմի ուղղությամբ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե Եվրոպան իրեն «տեսնի որպես պատերազմի մաս», ապա կներքաշվի դրա մեջ, իսկ Հունգարիայի համար վտանգը կաճի։ «Պարզ է, որ մենք կամաց-կամաց գլորվում ենք դեպի այդ պատերազմը, մեզ վրա դեռ չեն կրակում, բայց մենք շատ մոտ ենք պատերազմի մասնակից դառնալուն… Այն, ինչ անում է Եվրոպան, շատ վտանգավոր է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հունգարիան խոսում է խաղաղության լեզվով, սակայն «այս գծին ուրիշ ոչ ոք չի հետեւում»։ «Հունգարիան երբեք չի աջակցել պատժամիջոցների քաղաքականությանը եւ չի աջակցի ապագայում»,- ասել է նա՝ հավելելով, որ Հունգարիան չի կարող իրեն թույլ տալ օգտագործել իր վետոյի իրավունքը յուրաքանչյուր փուլում։ «Երբեմն մենք պետք է բաց թողնենք որոշ բաներ: Բայց մենք պետք է շարունակենք պայքարել բացառությունների համար, որոնք բխում են Հունգարիայի շահերից»: Սրանից հետեւում է, որ Հունգարիան մինչ այժմ խուսափել է պատժամիջոցների ամենակործանարար հետեւանքներից»,- ասել է վարչապետը՝ խոստանալով շարունակել այդ քաղաքականությունը։

Please enter a valid URL